Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը մասնակցել է «Կայունությունը եւ անվտանգությունը ԵՄ արեւելյան հարեւանությունում» խորագրով համաժողով

30 նոյեմբերի, 2009

Ս.թ. նոյեմբերի 27-ին «Եվրոպական քաղաքականության կենտրոնը» Բրյուսելում կազմակերպել է «Կայունությունը եւ անվտանգությունը ԵՄ արեւելյան հարեւանությունում» խորագրով համաժողով: Որպես բանախոսներ միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Կոստանտին Ելիսեեւը, Ադրբեջանի դեմոկրատական բարեփոխումների կուսակցության նախագահ Ասիմ Մոլազադեն: Ելույթներ են ունեցել նաեւ ԵՄ խորհրդի, ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելության եւ Բրյուսելի ազատ համալսարանի ներկայացուցիչները:

Համաժողովին մասնակցել են ԵՄ կառույցների պաշտոնյաներ, Բրյուսելում հավատարմագրված դիվանագետներ, լրագրողներ, հետազոտողներ, ուսանողներ:

Արման Կիրակոսյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի եվրոպական քաղաքականությանը? կանգ առնելով Արեւելյան գործընկերության ընձեռած հնարավորությունների վրա: Նա ողջունել է ԵՄ խորհրդում Հայաստանի հետ ասոցիացման պայմանագրի շուրջ բանակցությունների մանդատի քննարկման մեկնարկը, ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստակամ է սկսել բանակցությունները նաեւ ազատ առեւտրի եւ մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման համաձայնագրերի շուրջ:

Պրն. Կիրակոսյանը ներկայացրել է նաեւ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները:

Նույն օրն Արման Կիրակոսյանը մասնակցել է նաեւ «Հայաստանի եվրոպական բարեկամներ» հասարակական կազմակերպության կազմակերպած կլոր սեղանին:
Տպել էջը