ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը շնորհվել է «Մարդու իրավունքների մրցանակ 2009»-ը 29 նոյեմբեր 2009թ.
29 նոյեմբերի, 2009
Ս.թ. նոյեմբերի 29-ին` Կանանց իրավունքների պաշտպանների միջազգային օրը, «Ակտիվության 16 օր ընդդեմ գենդերային բռնության» ամենամյա քարոզարշավի շրջանակներում անցկացված մրցանակաբաշխության ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից շնորհվել է «Մարդու իրավունքների մրցանակ 2009»-ը` Հայաստանում մարդու իրավունքների առաջխաղացման գործում ունեցած դերակատարման համար եւ ի հավաստումն կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի:

Ընդունելով մրցանակը` ՀՀ ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԳՆ աշխատանքին տրվող գնահատանքի համար` կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում առավել ակտիվ հասարակական կազմակերպություններից մեկի կողմից` նշելով, որ ՀՀ ԱԳՆ-ն, լինելով արտերկրում ու միջազգային կազմակերպություններում Հայաստանը ներկայացնող գերատեսչությունը, պարտավորված է զգում ամենալայն համագործակցություն ծավալելու հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ` մեր պետության կողմից մարդու իրավունքների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան իրավական դաշտ ու գործելակերպ ունենալու, այդ ուղղությամբ առկա խնդիրները վերհանելու եւ դրանց անհրաժեշտ լուծումները գտնելու հարցում: