Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեցՃապոնիայի գահաժառանգ Նարոհիտոն 27 նոյեմբեր 2009թ.
27 նոյեմբերի, 2009Նոյեմբերի 26-ին Տոկիոյում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Ճապոնիայի գահաժառանգ Նարոհիտոն:
Նախարար Նալբանդյանը գահաժառանգ Նարոհիտոյին խնդրեց Ճապոնիայի կայսր Ակիհիտոյին փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները եւ նշեց Հայաստանի ցանկությունը` առավել ամրապնդել եւ զարգացնել հարաբերությունները բարեկամ Ճապոնիայի հետ:
Էդվարդ Նալբանդյանը գահաժառանգ Նարոհիտոյին ներկայացրեց Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ Տոկիո իր այցելության նպատակները եւ նախօրեին ունեցած հանդիպումների արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները տարբեր բնագավառներում ընդլայնելու եւ խորացնելու համագործակցությունը Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ:
Օրվա երկրորդ կեսին Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով հանդես եկավ Ճապոնիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում:

Հայաստանի արտգործնախարարի ելույթին ներկա էին Տոկիոյում հավատարմագրված դեսպաններ եւ դիվանագետներ, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, գիտնականներ, համաշխարհային եւ ճապոնական հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Իր ելույթում, նաեւ ուղղված հարցերին պատասխանելիս նախարար Նալբանդյանը ներկայացրեց հայ-ճապոնական հարաբերությունները եւ դրանց զարգացմանն ուղղված Հայաստանի նախաձեռնությունները, կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը միտված ջանքերը:
Պատասխանելով ադրբեջանական կողմից անընդմեջ հնչող պատերազմի սպառնալիքների վերաբերյալ հարցին, Էդվարդ Նալբանդյանն ասաց. "Միգուցե դրանք արվում են ճնշում գործադրելու ակնկալիքով, բնականաբար, դա չի կարող տպավորել ոչ Հայաստանին, ոչ Ղարաբաղին: Այդ փորձերը միջազգային հանրության մոտ ակնհայտ բացասական տպավորություն են թողնում Ադրբեջանի մասին":
Ելույթից առաջ տեղի ունեցավ նախարար Նալբանդյանի եւ ինստիտուտի տնօրեն, դեսպան Յոշիջի Նոգիմիի հանդիպումը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց ՀՀ ԱԳՆ դիվագիտական դպրոցի եւ Ճապոնիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջեւ համագործակցությանն առնչվող հարցերին:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը ծավալուն հարցազրույցներ տվեց ճապոնական առաջատար NHK հեռուստաընկերությանը եւ Nikkei օրաթերթին:
Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաեւ Շիմիզու կորպորացիայի կենտրոնակայան, ուր հանդիպում ունեցավ կորպորացիայի ղեկավարության հետ:

Հանդիպմանը քննարկվեցին կորպորացիայի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը եւ դրանց ընդլայնման հնարավորությունները: Ընկերության ներկայացուցիչները գոհունակությամբ նշեցին, որ Հայաստանի կառավարության հետ արդյունավետ համագործակցության արդյունքում Հայաստանում ներդրվում են բնապահպանական նորագույն տեխնոլոգիաներ:

Նոյեմբերի 26-ի երեկոյան նախարար Նալբանդյանը հանդիպեց Ճապոնիա-Հայաստան բարեկամության ասոցիացիայի անդամներին` դեսպան Սուիմա Էդամուրայի (Հայաստանում Ճապոնիայի առաջին դեսպան) գլխավորությամբ: Անմիջական զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-ճապոնական հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Ասոցիացիայի անդամներն իրենց գոհունակությունը հայտնեցին Տոկիոյում դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու Հայաստանի կառավարության մտադրության կապակցությամբ եւ պատրաստակամություն հայտնեցին ամենայն աջակցություն ցուցաբերել դեսպանության գործունեությանը:
Նոյեմբերի 27-ին ավարտելով այցելությունը Ճապոնիա` Հայաստանի արտգործնախարարն ուղեւորվեց Երեւան: