Հայաստանի արտգործնախարարը պաշտոնական այցով ժամանեց Ճապոնիա 26 նոյեմբեր 2009թ. Նոյեմբերի 2

26 նոյեմբերի, 2009

Նոյեմբերի 25-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելությամբ ժամանեց Տոկիո:

Ճապոնիայի մայրաքաղաքում Հայաստանի արտգործնախարարի առաջին հանդիպումը Ճապոնիայի խորհրդարանի խոսնակ Տակահիրո Յոկոմիչիի հետ էր:

Տակահիրո Յոկոմիչին, բարեկամական բնորոշելով հայ-ճապոնական հարաբերությունները, հույս հայտնեց, որ Հայաստանի արտգործնախարարի այցը Տոկիո նոր լիցք կհաղորդի հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի խորհրդարանի ղեկավարին ընդունելության համար? Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ Հայաստանում մեծ կարեւորություն են տալիս աշխարհի առաջատար երկրներից մեկի` Ճապոնիայի հետ համակողմանի հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը, եւ իր այցի հիմնական նպատակն է քննարկել երկկողմ համագործակցության զարգացման ուղիները:

Ճապոնիայի խրհրդարանի խոսնակի ու Հայաստանի արտգործնախարարի զրույցի ընթացքում շոշափվեցին երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության խթանմանն ուղղված հարցեր: Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանը տեղեկացրեց , որ Հայաստանի Ազգային ժողովում արդեն ձեւավորվել է Ճապոնիայի հետ խորհրդարանական բարեկամության խումբ, եւ հայկական կողմը սպասում է Ճապոնիայի նորընտիր խորհրդարանում համապատասխան խմբի կազմավորմանը`օրենսդիր մարմինների միջեւ համագործակցություն ծավալելու համար:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաեւ միջազգային խնդիրների շուրջ, անդրադարձան խաղաղօվկիանոսյան եւ կովկասյան տարածաշրջանների խնդիրներին:

Ճապոնիայի խորհրդարանի ղեկավարը բարձր գնահատեց Հայաստանի ջանքերը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ? վստահություն հայտնելով, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը դրական կանդրադառնա ղարբաղյան հիմնահարցի հանգուցալուծման վրա:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հաջորդ հանդիպումը իր գործընկեր, Ճապոնայի ԱԳ նախարար Կացույա Օկադայի հետ էր:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` նախարար Օկադան ասաց, որ երկու ամիս առաջ պաշտոնը ստանձնելուց հետո Հայաստանի արտգործնախարարը կովկասյան տարածաշրջանից իր առաջին բարձրաստիճան հյուրն է, եւ դա լավ առիթ է քննարկելու երկկողմ հարաբերությունների առավել զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նախ շնորհավորեց Կացույա Օկադային ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնեց Տոկիո այցելելու հրավերի համար: Նա նշեց, որ համաշխարհային բեմահարթակում կարեւոր դերակատարություն ունեցող Ճապոնիայի հետ փոխգործակցության զարգացումը Հայաստանի համար կարեւոր ուղղություն է, եւ ինքը Տոկիո է ժամանել տարբեր բնագավառներում համագործակցության սերտացման ուղիները նախանշելու նպատակով: Այս առումով Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ Հայաստանը նպատակադրված է մշտական դիվանագիտական ներկայացուցչություն հիմնել Տոկիոյում:

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները:

Նախարարները քննարկեցին միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման, գիտական եւ կրթական բնագավառներում համագործակցության ծավալման, իրավապայմանագրային դաշտի ձեւավորման, մշակութային փոխանակումների ակտիվացման, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հետ կապված հարցեր:

Բանակցություններին անդրադարձ արվեց նաեւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման գուրծընթացին: Նախարար Նալբանդյանն իր ճապոնացի գործընկերոջը ներկայացրեց Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները: Նախարար Օկադան նշեց, որ Ճապոնիան սատարում է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը եւ հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով եւ միջազգային իրավունքի սկզբունքներին համահունչ կարգավորումը:

Հայաստանի եւ Ճապոնիայի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ` արձանագրելով, որ երկու երկրների միջեւ չկան անհամաձայնություններ, հակառակը` շատ հարցերում Հայաստանի եւ Ճապոնիայի դիրքորոշումները համընկնում են: Տեղի ունեցավ հանգամանալից քննարկում խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, կորեական թերակղզու, Աֆղանստանում խաղաղության հաստատման խնդիրների վերաբերյալ:

Նախարար Օկադան Ճապոնիայի աջակցությունը հայտնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին եւ հույս հայտնեց, որ ստորագրված արձանագրությունները կվավերացվեն եւ կիրագործվեն, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Հայաստանի արտգործնախարարը իր ճապոնացի պաշտոնակցին հրավիրեց այցելել Հայաստան:

Հանդիպման արդյունքներով ընդունվեց համատեղ մամլո հայտարարություն:

Նախարարական հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Կացույա Օկադան հայտագրեր փոխանակեցին հատուկ սարքավորումներ տրամադրելու մասին Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուների վերանորոգման համար:

Քաղաքական օրակարգից բացի, նախարար Նալբանդյանի այցը Ճապոնիա ունի նաեւ տնտեսական բաղադրիչ: Տոկիոյում Հայաստանի արտգործնախարարն այցելեց Ճապոնիայի արտաքին առեւտրի կազմակերպություն (JETRO), ուր հանդիպում ունեցավ կազմակերպության նախագահ Յասուո Հայաշիի հետ եւ քննարկեց երկու երկրների առեւտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները, ներկայացրեց Հայաստանի ներդրումային դաշտն ու ոլորտները:

Յասուո Հայաշին ներկայացրեց իր ղեկավարած կազմակերպության գործունեությունը եւ ասաց, որ կազմակերպությունը հետաքրքրված է հայաստանյան գործընկերների հետ կապերի հաստատմամբ եւ զարգացմամբ: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ընկերության ներկայացուցիչը այցելի Երեւան`հայաստանյան գործընկերների հետ կապեր հաստատելու եւ համագործակցության ուղիներ քննարկելու համար:

Վաղը նախատեսված է Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Ճապոնիայի գահաժառանգ Նարոհիտոյի հետ, ինչպես նաեւ? ելույթը Ճապոնիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում:
Տպել էջը