Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Իտալիա 24 նոյեմբեր 2009թ. Համալրվեց հայ-իտալակա
24 նոյեմբերի, 2009Համալրվեց հայ-իտալական իրավապայմանգրային դաշտը
Նոյեմբերի 23-ին կարճատեւ աշխատանքային այցով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Իտալիա:
Հռոմում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկո Ֆրատինիի հետ:
Շնորհակալություն հայտնելով իր իտալացի գործընկերոջը Հռոմ այցելելու հրավերի համար, նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-իտալական հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն, որը հիշարժան է բարի ավանդույթներով եւ փոխադարձ բարեկամության դրսեւորումներով, որը նոր զարգացում է ապրել Հայաստանի անկախացումից հետո, եւ այդ ամենը ամուր հիմք է ստեղծում հարաբերությունների առավել ամրապնդման եւ խորացման համար:
Իտալիայի արտգործնախարարն ասաց, որ Իտալիան շահարգրռված է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացմամբ եւ պատրաստ է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Նախարարներ Նալբանդյանն ու Ֆրատինին բովանդակալից զրույց ունեցան տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների, եվրոպական կառույցների եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացման շուրջ, մտքեր փոխանակեցին միջազգային օրակարագի եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Բանակցությունների ընթացքում քննարվեցին նաեւ Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության տարբեր ուղղությունները, Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերություն ծրագրի շրջանակներում երկկողմ համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
Նախարար Ֆրատինին ողջունեց եւ Իտալիայի աջակցությունը հայտնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Այս առումով նա նշեց, որ Իտալիայում մեծ գոհունակությամբ են ընդունել հայ-թուրքական արձանգրությունների ստորագրումը, եւ հույս հայտնեց, որ դրանք կվավերացվեն շուտափույթ կերպով, ինչը հնարավորություն կընձեռի բացել ընդհանուր սահմանը:
Հայաստանի եւ Իտալիայի արտգործնախարարությունների ղեկավարները շեշտեցին բարձրաստիճան փոխայցելությունների, քաղաքական երկխոսության խթանման անհրաժեշտությունը: Այդ առումով նախարարները կարեւորեցին Բարձրաստիճան քաղաքական խորհրդակցությունների մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, ընդգծելով, որ դրա կիրառումը կնպաստի քաղաքական երկխոսության ակտիվացմանը: Անդրադարձ կատարվեց նաեւ դիվանագիտական կադրերի պատրաստման ոլորտում համագործակցությանը:
Նախարարներ Նալբանդյանն ու Ֆրատինին քննարկեցին Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման հնարավորությունը` նշելով, որ այն կնպաստի հասարակությունների միջեւ շփումների ակտիվացմանը:
Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ առեւտրատնտեսական համագործակցության ընդյանման համար առկա է համապատասխան իրավապայմանագրային դաշտ եւ տնտեսական կապերի աշխուժացման միտում` 2009 թ. զգալիորեն աճել են իտալական ներդրումները Հայաստանում:
Քննարկվեց երկու երկրների տնտեսական ոլորտի պատասխանատուների փոխայցելությունների, ապակենտրոնացված համագործակցության հաստատման, հայ-իտալական գործարար համաժողովների կազմակերպման հնարավորությունը: Նախարարները համակարծիք էին, որ երկու երկրների միջեւ ուղիղ չվերթների առկայությունը նոր լիցք կհաղորդի տուրիզմի եւ փոխգործակցության մյուս բնագավառների զարգացմանը:
Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանկո Ֆրատինին բարձր գնահատեցին Հայաստանի եւ Իտալիայի միջեւ մշակութային, կրթական, գիտական եւ տեխնիկական բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում հաստատված համագործակցությունը, մշակութային եւ կրթական փոխանակումները`ընդգծելով, որ այն նոր հնարավորություններ է ստեղծում հումանիտար ոլորտում փոխգործակցության առավել խորացման համար:
Իր իտալացի գործընկերոջ խնդրանքով Էդվարդ Նալաբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները, նախօրեին Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահների հանդիպման արդյունքները:
Շնորհակալությամբ ընդունելով ընդունելով Երեւան այցելելու Հայաստանի արտգործնախարարի հրավերը, Իտակիայի ԱԳՆ ղեկավարն վստահեցրեց, որ Հայաստան կայցելի 2010 թ. առաջին կեսին:
Հանդիպումից առաջ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության եւ Իտալական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջեւ բարձր մակարդակի քաղաքական խորհրդատվությունների վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իտալական Հանրապետության կառավարության միջեւ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը»:
Նույն օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելեց Իտալիայի Սենատ, ուր հանդիպեց Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Իտալիայի նախկին վարչապետ Լամբերտո Դինիին:
Հանդիպմանը քննարկվեցին հայ-իտալական փոխգործակցության զարգացման, երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր, մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային եւ միջազզային հարցերի շուրջ:
Էդվարդ Նալբանդյանն ու Լամբերտո Դինին անդրադարձան հայ-իտալական համագործակցությանը, թե երկկողմ, թե բազմակողմ ձեւաչափերով` միջազգային կազմակերպությունների եւ դրանց խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում, կարեւորեցին խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի գործունեության ակտիվացումը:
Լամբերտո Դինիի խնդրանքով, Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված ջանքերին եւ բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:
Սենատում Հայաստանի արտգործնախարարը հանդես եկավ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ դասախոսությամբ, որը կազմակերպվել էր Միջազգային հարաբերությունների իտալական կազմակերպության եւ Իտալահայկական միջխորհրդարանական բարեկամական խմբի կողմից: Դասախոսությանը մասնակցող շուրջ 200 ներկաների թվում էին սենատորներ, Իտալիայի խորհրդարանի անդամներ, դեսպաններ եւ դիվանագետներ, գիտնականներ, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, ուսանողներ:
Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձավ հայ-իտալական պատմական առնչություններին, երկու երկրների միջեւ ձեւավորված գործընկերային հարաբերություններին եւ դրանց զարգացման հնարավորություններին, Հայաստան եւ Եվրոպական միություն համագործակցությանը, Հարավային Կովկասում առկա խնդիրներին եւ ներկայացրեց դրանց լուծման Հայաստանի տեսլականը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը պատասխանեց նաեւ ներկաների հարցերին:
Հռոմում գտնվելու ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը այցելեց նաեւ Վատիկան, ուր հանդիպեց Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար արքեպիսկոպոս Դոմինիք Մամբերտիի հետ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւ Վատիկանի արտաքին քաղաքականության պատասխանատուն գոհունակություն հայտնելով Հայաստանի եւ Վատիկանի, ինչպես նաեւ Հայ Առաքելական եւ Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների միջեւ հաստատված բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ` վստահություն հայտնեցին, որ փոխադարձ ջանքերի շնորհիվ դրանք առավել կամրապնդվեն:
Նախարար Նալբանդյանն ու արքեպիսկոպոս Մամբերտին հանգամանլից զրույց ունեցան միջազգային հարաբերությունների օրակարգային խնդիրների, Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերի, ինչպես նաեւ ս.թ. դեկտեմբերի սկզբին Աթենքում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդին քննարկվելիք հարցերի շուրջ:
Հայաստանի արտգործնախարարը Վատիկանի իր գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան: