Ճապոնիայի դեսպանը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը 02 նոյեմբեր 2009թ. \

02 նոյեմբերի, 2009

Ս. թ. նոյեմբերի 2-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպան (նստավայրը` Մոսկվա) Մասահարու Կոնոյին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Ճապոնիայի հետ բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը` հույս հայտնելով, որ նոր դեսպանն իր նշանակալի ներդրումը կունենա երկու երկրների միջեւ ձեւավորված հարաբերությունների ամրապնդման եւ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խթանման գործում:

Դեսպան Կոնոն, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, ասաց, որ կանի առավելագույնը երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց քաղաքական երկխոսության ակտիվացման, առեւտրատնտեսական եւ մշակութային համագործակցության խթանման եւ համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին:

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց անկախությունից ի վեր Հայաստանի տնտեսության զարգացմանը Ճապոնիայի կողմից ցուցաբերվող աջակցության համար:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-թուրքական հարաբերությունների շուրջ:

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
Տպել էջը