Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովին 30 հոկտեմբեր 2009թ.

30 հոկտեմբերի, 2009

Ս.թ. հոկտեմբերի 30-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովի հետ:


Ողջունելով Սերգեյ Մարտինովին` նախարար Նալբանդյանը գոհունակությամբ ընդգծեց, որ վերջին շրջանում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է:
Հայաստանի եւ Բելառուսի արտգործնախարարները հանգամանալից քննարկեցին
երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի լայն շրջանակ:

Զրուցակիցներն արձանագրեցին, որ զգալիորեն ակտիվացած փոխադարձ բարձր մակարդակի այցերը մեծապես նպաստում են հայ-բելառուսական համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտգործնախարարները գոհունակությամբ ընդգծեցին, որ այս տարի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Հայաստան, Առեւտրատնտեսական համագործակցության հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը, նաեւ Հայաստանի եւ Բելառուսի խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը նոր լիցք հաղորդեցին երկկողմ հարաբերություններին:

Կողմերը նշեցին լայն իրավապայմանագրային դաշտի առկայությունը եւ միաժամանակ շեշտեցին այն առավել ընդարձակելու անհրաժեշտությունը` փոխգործակցության հետագա խորացումն ապահովելու նպատակով:

Նախարարներ Նալբանդյանն ու Մարտինովը պայմանավորվածություն ձեռք բերեցին Վրաստանում Բելառուսի քաղաքացիների հյուպատոսական շահերը Հայաստանի կողմից ներկայացնելու վերաբերյալ:

Քննարկվեցին նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Մարտինովը անդրադարձան ՀԱՊԿ գործունեությանն առնչվող հարցերին:

Հայաստանի եւ Բելառուսի արտգործնախարարներն անդրադարձան մշակութային ոլորտում ծավալված համագործակցությանը` գոհունակություն հայտնելով 2010 թ. Բելառուսում Հայաստանի եւ Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերի անցկացման պայմանավորվածության կապակցությամբ:

Սերգեյ Մարտինովի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում Բելառուսի արտգործնախարարը նշեց, որ իր երկիրը, որպես Մինսկի խմբի անդամ, մշտապես աջակցել է եւ աջակցում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Նախարարները մտքեր փոխանակեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: Սերգեյ Մարտինովը ողջունեց գործընթացում արձանագրված առաջընթացը:

Հայաստանի եւ Բելառուսի արտգործնախարարների հանդիպմանը հետեւեց համատեղ մամուլի ասուլիս:
Տպել էջը