Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոխելիո Պֆիրտերին 29 հոկտեմբեր 2009թ.

28 հոկտեմբերի, 2009

Ս.թ. հոկտեմբերի 29-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ, Organization for Prohibition of Chemical Weapons, OPCW) գլխավոր տնօրեն Ռոխելիո Պֆիրտերին (Rogelio Pfirter):

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը դրական գնահատեց Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործունեությունը եւ պրն. Պֆիրտերի ներդրումը կազմակերպության նպատակների իրականացման գործում: Նախարարն ընդգծեց, որ
ՔԶԱԿ-ի գործունեությունը համահունչ է արդի մարտահրավերներին դիմակայելու միջազգային հանրության ջանքերին, մասնավորապես` զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխելու բնագավառում:

Զրուցակիցները հանգամանորեն քննարկեցին Հայաստան-ՔԶԱԿ համագործակցության հետ կապված հարցեր: Ռոխելիո Պֆիրտերը գոհունակություն հայտնեց ՔԶԱԿ ջանքերին Հայաստանի աջակցության կապակցությամբ` ուղղված Քիմիական զենքի մասին կոնվենցիայի (ՔԶԿ, Chemical Weapons Convention, CWC) համապարփակ կիրառմանը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` կողմերը համոզմունք հայտնեցին, որ բոլոր երկրների միացումը Կոնվենցիային կարեւոր գործոն կհանդիսանա աշխարհում կայունության ու անվտանգության ամրապնդման համար:
Տպել էջը