Նիդերլանդների դեսպանը Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը 28 հոկտեմբեր 2009թ.
28 հոկտեմբերի, 2009Ս. թ. հոկտեմբերի 28-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց Հայաստանում Նիդերլանդների նորանշանակ դեսպան (նստավայրը` Թբիլիսի) Պիտեր Յան Լանգենբերգին (Pieter Jan Langenberg)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նախարարի տեղակալ Ղազինյանը նշեց, որ Հայաստանը ցանկանում է առավել զարգացնել հայ-նիդերլանդական բարեկամական, գործընկերային հարաբերությունները, եւ հույս հայտնեց, որ դեսպան Լանգենբերգը կարեւոր ներդրում կունենա երկու երկրների փոխգործակցության հետագա ընդլայնման եւ խորացման գործում:
Զրուցակիցները քննարկեցին երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացմանը, առեւտրատնտեսական հարաբերությունների խթանմանը վերաբերող հարցեր:
Կողմերը կարեւորեցին Հայաստանի եւ Եվրոպական Միության Արեւելյան գործընկերության մեկնարկը եւ դրա ներուժի ամբողջական օգտագործումը, հատկապես` մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման եւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման հարցերը:
Դեսպանի խնդրանքով փոխնախարար Ղազինյանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումները արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: