Լյուքսեմբուրգում տեղի ունեցավ Հայաստան - Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի 10-րդ նիստը Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
26 հոկտեմբերի, 2009Ս.թ. հոկտեմբերի 26-ին Լյուքսեմբուրգում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի ամենամյա 10-րդ հոբելյանական նիստը:
Նիստին մասնակցելու նպատակով Լյուքսեմբուրգ էր ժամանել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Ավետ Ադոնցը, Արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը, այլ պաշտոնատար անձինք:
Եվրոպական Միության պատվիրակությունը գլխավորում էր ԵՄ-ում նախագահող Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտը, որի կազմում էին Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների եւ ԵՀՔ հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդները, Իսպանիայի եվրոպական հարցերով պետական քարտուղար Դիեգո Լոպեզ Գարիդոն, եվրոպական տարբեր կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ կայացած Համագործակցության խորհրդի նիստին քննարկվեցին Հայաստան - Եվրոպական Միություն համագործակցությունը, դրա խորացման հեռանկարները, ինչպես նաեւ` տարածաշրջանային հարցեր:
Նախարար Նալբանդյանը, ներկայացնելով Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը, ասաց, որ ծրագրի արդյունավետ իրականացումը Հայաստան - ԵՄ համագործակցության առաջնայնությունն է, եւ պաշտոնական Երեւանը շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ:
Հայաստանի արտգործնախարարը կարեւորեց բարեփոխումների գործընթացին աջակցող ԵՄ խորհրդատուների խմբի գործունեությունը Հայաստանում` այն բնորոշելով որպես արդյունավետ համագործակցության հաջողված օրինակ:
Հայաստանի էկոնոմիկայի եւ արդարադատության փոխնախարարները տեղեկացրեցին իրենց բնագավառներում կատարվող քայլերը, կառավարության տնտեսական քաղաքականությունը, դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումները:
Խորհրդի նիստի ընթացքում մանրամասն անդրադարձ կատարվեց Եվրոպական հարեւանության քաղաքականության Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրի կատարման ընթացքին, երկուստեք գոհունակություն հայտնվեց ծրագրի հաջող իրականացման կապակցությամբ, միաժամանակ նշվեց, որ ծրագրի հնարավորությունների ընդլայնման զգալի հեռանկարներ գոյություն ունեն:
Կողմերը մտքեր փոխանակեցին նաեւ Արեւելյան գործընկերություն ծրագրի վերաբերյալ` կարեւորելով ծրագրի ներուժի ամբողջական օգտագործումը` Ասոցիացման համաձայնագրի մշակումը, Ազատ առեւտրի խորացված եւ համապարփակ համաձայնագրի կնքումը, մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացումը:
Եվրոպական կողմը ողջունեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համարձակ քայլերը` կարեւորելով ս.թ. հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրությունների արագ վավերացումը եւ դրանց առանց նախապայմանների իրականացումը:
Եվրոպացի բարձաստիճան պաշտոնյաները, բարձր գնահատելով Հայաստանի հետ համագործակցությունը եւ երկրի իշխանությունների կողմից իրականացվող ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումները, հայտնեցին իրենց աջակցություն այդ ուղղությամբ իրականացվելիք քայլերին:
Եվրոպական կողմի խնդրանքով` նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
Նիստից հետո տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի եւ Եվրոպական Միության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի հանդիպումը:
Նախարար Նալբանդյանն ու գլխավոր քարտուղար Սոլանան քննարկեցին Հայաստան - Եվրոպական Միություն համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր եւ մտքեր փոխանակեցին տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Այնուհետեւ տեղի ունեցավ Հայաստանի, Շվեդիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների, ինչպես նաեւ ԵՀ արտաքին հարաբերությունների եւ ԵՀՔ հարցերով հանձնակատարի համատեղ մամուլի ասուլիսը:
ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը բարձր գնահատեց ԵՄ-Հայաստան հարաբերություններում արձանագրված առաջընթացը եւ ասաց, որ ԵՄ-ն ողջունում է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը եւ հույս ունի, որ կողմերը դրանք արագորեն կվավերացեն ու կյանքի կկոչեն` հարգելով ձեռք բերված պայմանավորվածությունները:
Իր խոսքում Բենիտա Ֆեռերո-Վալդները կարեւորեց 100 մլն եվրոյի չափով ԵՄ կողմից Հայաստանին մակրոէկոնոմիկ աջակցության տրամադրման նախաձեռնությունը` որպես ՀՀ տնտեսական զարգացմանը նպաստող քայլ: Նա նաեւ որպես լիակատար հաջողություն բնորոշեց ԵՄ խորհրդատվական խմբի գործունեությունը Հայաստանում:
* * *
Նույն օրն առավոյան Էդվարդ Նալբանդյանը հանդիպել էր Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-վրացական երկկողմ օրակարգի հարցերին:
* * *
Հոկտեմբերի 26-ի երկրորդ կեսին Լյուքսեմբուրգում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասյեի, Ռոբերտ Բրադկեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, առաջիկայում համանախագահների տարածաշրջան կատարելիք այցելության հնարավորությունը: