Հայ-քուվեյթյան քաղաքական խորհրդակցություններ Քուվեյթի ԱԳՆ-ում

26 հոկտեմբերի, 2009

Ս.թ. հոկտեմբերի 26-ին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի եւ Քուվեյթի ԱԳ նախարարի տեղակալ Խալեդ Ջարալլահի միջեւ Քուվեյթի ԱԳՆ-ում կայացած հանդիպմամբ մեկնարկեց հայ-քուվեյթյան քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը:

Կողմերը քննարկեցին առաջիկայում Քուվեյթի Պետություն Հայաստանի Նախագահի կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները, ստորագրվելիք փաստաթղթերի կատարման ընթացքն ու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման եւ խորացման առումով երկուստեք կարեւորվեց տնտեսական բնույթի համաձայնագրերի ստորագրումը:

Պարոն Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանի քաղաքականությունը հարեւան երկրների նկատմամբ, մասնավորապես` հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլն ու արցախյան հիմնահարցի կարգավորման վերջին զարգացումները, նաեւ` տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Քուվեյթյան կողմը բարձր գնահատեց հարեւան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի քաղաքականությունը:

Քուվեյթի ԱԳ նախարարի տեղակալն իր հերթին անդրադարձավ հարեւան երկրների, մասնավորապես` Իրանի, Իրաքի եւ Սաուդյան Արաբիայի հետ համագործակցության խնդիրներին, լուսաբանեց Քուվեյթի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններն ու Ծոցի համագործակցության խորհրդի շրջանակներում վարվող քաղաքականությունը:
Տպել էջը