Բաքվում կայացել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 21-րդ հանդիպումը
25 հոկտեմբերի, 2009Ս.թ. հոկտեմբերի 22-ին Բաքվում կայացել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 21-րդ հանդիպումը, որին նախորդել է ՍԾՏՀ ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստը:
ՍԾՏՀ ԱԳ նախարարների խորհրդի հանդիպմանը, որը վարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար էլմար Մամեդյարովը, մասնակցել են ՍԾՏՀ 12 անդամ երկրների պատվիրակությունները, ՍԾՏՀ հարակից մարմինների, դիտորդ եւ սեկտորալ համագործակցության անդամ երկրների ներկայացուցիչները: Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը:
Խորհուրդը քննարկել եւ ընդունել է ՍԾՏՀ կազմակերպության գործունեության արդյունավետության բարելավման, ՍԾՏՀ եւ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` Եվրամիության միջեւ գործակցության եւ ՍԾՏՀ շրջանակներում համագործակցության առաջնային ուղղություններին առնչվող մի շարք կարեւոր որոշումներ:
Իր ելույթում Արման Կիրակոսյանն անդրադարձել է ՍԾՏՀ շրջանակներում բազմակողմ համագործակցության հեռանկարներին` նշելով համագործակցության ոլորտներում ձեռք բերված նվաճումները: Նա կարեւորել է առանց որեւէ նախապայմանի բազմակողմ տնտեսական համագործակցությունը` որպես տարածաշրջանում առկա խնդիրների կարգավորման գրավական: Այդ համատեքստում նա հիշատակել է վերջերս ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ու զարգացման վերաբերյալ արձանագրությունների ստորագրումը` որպես նման մոտեցման լավագույն դրսեւորում:
Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանն իր ելույթում անդրադարձել է նաեւ ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսը` նշելով այդ փաստաթղթերի կարեւորությունը տարածաշրջանային եւ մասնավորապես, ՍԾՏՀ շրջանակներում, համագործակցության զարգացման եւ խորացման համար:
Նախարարների խորհրդի հանդիպման ավարտին հանդիսավոր արարողությամբ ՍԾՏՀ կազմակերպության նախագահությունը Ադրբեջանից փոխանցվել է Բուլղարիային: