Հնդկաստանի դեսպանը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը

20 հոկտեմբերի, 2009

Ս. թ. հոկտեմբերի 19-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Աչալ Կումար Մալհոթրային` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը ցանկանում է առավել զարգացնել հայ-հնդկական բարեկամական, գործընկերային հարաբերությունները, եւ հույս հայտնեց, որ դեսպան Մալհոթրան կարեւոր ներդրում կունենա երկու երկրների համագործակցության հետագա ընդլայնման եւ խորացման գործում:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացմանը, առեւտրատնտեսական հարաբերությունների խթանմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն ու միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց նաեւ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Մալհոթրան մտքեր փոխանակեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: Այդ ենթատեքստում Աչալ Կումար Մալհոթրան Հնդկաստանի աջակցությունը հայտնեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:


Տեղեկանք: Ծնվել է 1952թ.: Ավարտել է Ջավահարլալ Ներուի անվան համալսարանի ռուսաց լեզվի եւ գրականության բաժինը, այնուհետեւ` Պոնդիչերիի համալսարանը` զբոսաշրջության կառավարում մասնագիտւթյամբ:
1984-2000թթ. աշխատել է Ռուսաստանում, Գերմանիայում, Բրունեյ Դարուսսալամում Հնդկաստանի դեսպանություններում: 2000-2004թթ. եղել է Շրի Լանկայում բարձրագույն հանձնակատարի օգնական, այնուհետեւ նշանակվել է

Ավստրիայում Հնդկաստանի դեսպանության դեսպանորդ, նաեւ` ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հնդկաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ: Ամուսնացած է, ունի մեկ զավակ:
Տպել էջը