Վրաստանի դեսպանը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հանձնեցիր հավատարմագրերի պատճենը
19 հոկտեմբերի, 2009Ս. թ. հոկտեմբերի 19-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գրեգորի Տաբատաձեին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպան Տաբատաձեին Երեւանում բարեկամ Վրաստանի դեսպան նշանակվելու կապակցությամբ` նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նա իր կարեւոր ներդրումը կունենա հայ-վրացական փոխշահավետ համագործակցության առավել ամրապնդման եւ զարգացման գործում:
Զրուցակիցները, կարեւորելով Հայաստանի եւ Վրաստանի Նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, քննարկեցին երկու երկրների քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում փոխգործակցության խթանմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Տաբատաձեն մտքեր փոխանակեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման վերաբերյալ, անդրադարձ կատարեցին նաեւ տարածաշրջանային հարցերին:
Տեղեկանք: Ծնվել է 1963թ. Վրաստանում: Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետը: 1991 թվականից աշխատանքի է անցել Վրաստանի ԱԳՆ-ում: 1996-1999թթ. ստանձնել է Իրանում Վրաստանի առաքելության ղեկավարի տեղակալի, 2003-2006թթ.` Թուրքիայում Վրաստանի դեսպանության լիազոր նախարարի պաշտոնները, 2007 նշանակվել է Քուվեյթում, Սաուդյան Արաբիայում, Կատարում, Բահրեյնում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Օմանի Սուլթանությունում Վրաստանի դեսպանության լիազոր նախարար: Տիրապետում է արաբերեն, անգլերեն, ռուսերեն, թուրքերեն, պարսկերեն լեզուներին: