Հայաստանում անցկացվում են «ՆԱՏՕ-ի շաբաթվա» միջոցառումներ
14 հոկտեմբերի, 2009Հոկտեմբերի 13-ին Հայաստանում անցկացվելիք «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակում Երեւանի պետական համալսարանի գրադարանում բացվել է լուսանկարչական ցուցահանդես, որը նվիրված էր Կոսովոյում ծառայություն անցնող հայ խաղաղապահներին:

Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը ելույթ է ունեցել Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը: Նա անդրադարձել է հայ խաղաղապահների առաքելության կարեւորությանը Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացման գործում եւ նշել, որ ցուցահանդեսի նպատակն է հայ հասարակությանը ներկայացնել Կոսովոյում ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ առաքելության առօրյան, հայ խաղաղապահների ծառայության հետաքրքիր դրվագները:
Ցուցահանդեսը կազմակերպված է ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության ստորաբաժանման հետ համատեղ եւ նպատակ ունի առավել լայն տեղեկատվություն տրամադրել ՆԱՏՕ-ի, նաեւ` Հայաստանի ու Դաշինքի միջեւ համագործակցության վերաբերյալ եւ բարձրացնել հանրային իրազեկությունը: Միջոցառմանը ներկա էին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի դեսպանությունների, ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության ստորաբաժանման ներկայացուցիչները, բազմաթիվ ուսանողներ:
Լուսանկարչական ցուցահանդեսը կգործի մինչեւ հոկտեմբերի 15-ը:
Նույն օրը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Բելգիայում գործող «Հայաստանի եվրոպական ընկերները» ոչ-կառավարական կազմակերպությունը կազմակերպել էր սեմինար` «ԵՄ-ՆԱՏՕ հարաբերությունները. փոխգործակցության խնդիրները Հարավային Կովկասի տարածաշրջանում» խորագրով: Միջոցառմանը ելույթ են ունեցել ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման եւ Միջազգային անվտանգության վարչության պետ Արմեն Եդիգարյանը, Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի սպա Զբիգնեւ Ռիբացկին եւ ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության ստորաբաժանման ներկայացուցիչ Միշել Դյուրեյը:

Հոկտեմբերի 14-ին ԱԳՆ սրահում տեղի ունեցավ Երեւան-Պրիշտինա հեռուստակամուրջը Կոսովոյում հայ խաղաղապահ գումարտակի մի քանի տասնյակ զինծառայողի եւ նրանց ընտանիքների անդամների համար: Միջոցառման սկզբին ցուցադրվեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ողջույնի խոսքը` ուղղված հեռուսակամրջի մասնակիցներին:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը, Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը, Հունաստանի դեսպան Իոաննիս Կորինթիոսը եւ ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության ստորաբաժանման ներկայացուցիչ Միշել Դյուրեյը: