ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցը հայտարարում է մրցույթ

13 հոկտեմբերի, 2009

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է մրցույթ ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի «Միջազգային հարաբերություններ եւ դիվանագիտություն» դասընթացին մասնակցելու համար:

Դասընթացը նախատեսված է բարձրագույն կրթական հաստատությունների շրջանավարտների համար:

Դասավանդման լեզուներն են` հայերենը, անգլերենը եւ ռուսերենը: Նշված լեզուների լավ իմացությունը պարտադիր է: Ուսումնական ծրագիրը կազմված է տեսական եւ գործնական առարկաներից:

Ընդունելությանը կարող են մասնկակցել բարձրագույն կրթություն ունեցող մինչեւ 30 տարեկան ՀՀ քաղաքացիները: Դասընթացը կմեկնարկի 2010թ. հունվարի 18-ին եւ կավարտվի 2010թ. հուլիսին: Ուսումն անվճար է:
Ներկայացվելիք փաստաթղթերի ցանկ.

  1. Դիմում (բեռնավորել դիմումը կամ հայցել ԱԳՆ-ից)
  2. Ինքնակենսագրություն շարադարված ազատ ձեւով
  3. Դասընթացներին մասնակցելու նպատակի համառոտ նկարագիր
  4. 2 լուսանկար (3x4սմ)
  5. Անձնագրի պատճենը
  6. Առողջական վիճակի մասին տեղեկանք
  7. Բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմի պատճենը
  8. Դիմումում ներկայացված տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթեր

Ունկնդիրների նախնական ընտրությունը կատարվելու է նշված փաստաթղթերի հիման վրա: Փաստաթղթային ընտրությունն անցած դիմորդները կհրավիրվեն գրավոր քննության (միջազգային հարաբերությունների / արտաքին քաղաքական թեմայով շարադրություն), որը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 23-ին: Գրավոր քննությունը հաջողությամբ անցած դիմորդները ս.թ. դեկտեմբերի 8-ին կհրավիրվեն բանավոր հարցազրույցի` որը կարող է անցկացվել վերոնշյալ երեք լեզուներով: Լավագույն 25 դիմորդները հնարավորություն կստանան մասնակցել դասընթացին:

Ուսումնական ծրագրի ընթացքում յուրաքանչյուր առարկայով կամ թեմայով դասախոսությունների շարքի ավարտից հետո ունկնդիրները կհանձնեն քննություններ, որոնց արդյունքների հանրագումարը կհամարվի ավարտական գնահատական: Դասընթացի վերջում ունկնդիրները կստանան ավարտական վկայական: Լավագույնները կարող են աշխատանքի ընդունվել ԱԳՆ համակարգում` ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան:

Դասընթացն անցկացվելու է ՀՀ ԱԳՆ վարչական շենքում: Աշխատող ունկնդիրները պետք է հաշվի առնեն, որ դասերը անցկացվելու են շաբաթական առավելագույնը 5 օր, մինչ եւ հնգական ակադեմիական ժամ տեւողությամբ: Դասերը անցկացվելու են սկսած ժ.15.00-ից:

Փաստաթղթերի ընդունումը կատարվելու է մինչեւ նոյեմբերի 16-ը ՀՀ ԱԳՆ-ում, Հանրապետության հրապարակ, Կառավարության 2 շենք, Երեւան 0010 հասցեով, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժ.10.00-16.00:

Լրացուցիչ տեղեկությունների եւ ընդունելության կարգին ծանոթանալու համար դիմել ԱԳՆ Անձնակազմի կառավարման վարչություն, Աննա Ավետիսյանին (010544041 /ներք.270/), anna.avetisyan@mfa.am): Փաստաթղթերը կարող են ուղարկվել նաեւ էլեկտրոնային փոստի վերոհիշյալ հասցեով:

Տպել էջը