Հայաստանի ներկայացուցչության աշխատանքներըՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանին

08 հոկտեմբերի, 2009

Հոկտեմբերի 8-ին ՄԱԿ-ի Երրորդ կոմիտեի «Միջազգային պայքար թմրանյութերի դեմ» օրակարգային թեմայի շրջանակում ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը` անդրադարձ կատարելով մասնավորապես թմրանյութերի դեմ պայքարի շրջանակում Հայաստանի կառավարության իրագործած ծրագրերին:

Նշելով թմրանյութերի տարանցիկ ուղիների անմիջական հարեւանությամբ գտնվող Հայաստանի խոցելիությունը` դեսպան Նազարյանը կարեւորել է այդ բնագավառում Եվրամիության, ՀԱՊԿ երկրների եւ ԱՄՆ-ի հետ ծավալված համագործակցությանը: Նա կոչ է ուղղել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին եւ ԵՄ-ին` շարունակել օժանդակությունը 2010-2012թթ. համար ազգային ծրագրի մշակման հարցում, որի իրականացումը դրական ազդեցություն կունենա երկրում հասարակության առավել անապահով հատվածների պաշտպանության համար:

Գլխավոր Ասամբլեայի երրորդ կոմիտեն քննարկում է հումանիտար, սոցիալական եւ մշակութային հիմնախնդիրները: Կոմիտեի աշխատանքների ընդգրկուն օրակարգը ներառում է նաեւ սոցիալական զարգացման, մարդու իրավունքների, կանանց եւ երեխաների, ռասայական խտրականության եւ ինքնորոշման իրավունքի հարցերի շուրջ քննարկումներ, որոնք կտեւեն շուրջ երեք ամիս:
Տպել էջը