Տեղի ունեցավ Հայաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպումը

08 հոկտեմբերի, 2009

Հայաստանի արտգործնախարարը ելույթ ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 35-րդ գլխավոր կոնֆերանսին

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ս.թ. hոկտեմբերի 7-ին հանդիպեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Կուշներին: Այս տարվա ընթացքում դա նախարարների երկրորդ հանդիպումն էր:

Նախարարներ Նալբանդյանն ու Կուշները, բարձր գնահատելով Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ձեւավորված բարեկամական, սերտ փոխհարաբերությունները, կարեւորեցին երկու երկրների միջեւ համակողմանի համագործակցության զարգացման ուղղությամբ հետագա քայլերի ձեռնարկումը:

Հայաստանի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից զրույց ունեցան Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերությունների եւ դրանց զարգացման հեռանկարների շուրջ:

Զրուցակիցները քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց Ֆրանսիայի կառուցողական ներգրավվածությունը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

Էդվարդ Նալբանդյանն ու Բեռնար Կուշները մտքեր փոխանակեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Այդ ենթատեքստում նախարար Կուշները, ողջունելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման գործընթացը, հույս հայտնեց, որ առաջիկայում այն կունենա շոշափելի արդյունքներ:

Հանդիպումից առաջ Հայաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարները ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին համաձայնագիր:

Այդ համաձայնագիրը ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման ճանապարհի առաջին քայլն է:

Այնուհետեւ, Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտի հետ: Հանդիպմանը քննարկվեց Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ բարեկամական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք գոհունակություն հայտնվեց հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Զրուցակիցները քննարկեցին հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցեր: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերի նկատմամբ Ֆրանսիայի Նախագահի մշտական ուշադրության եւ ցուցաբերվող աջակցության, ինչպես նաեւ Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության պահպանման գործընթացներում Ֆրանսիայի կառուցողական դերակատարության համար:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի 35-րդ գլխավոր կոնֆերանսին, որը նվիրված է առաջիկա երկու տարիներին կազմակերպության կողմից իրականացվելիք գործունեության հիմնական ուղղությունների քննարկմանը:

Էդվարդ Նալբանդյանը հանդես եկավ ծավալուն ելույթով, որում անդրադարձավ Հայաստան-ՅՈՒՆԵՍԿՕ փոխգործակցությանը, մշակութային ժառանգության պահպանման գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերակատարությանը:
Նախարար Նալբանդյանը դատապարտեց Ադրբեջանի կողմից պետական մակարդակով` ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքներին հակառակ, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը եւ կոչ արեց միջազգային հանրությանը համատեղ քայլեր ձեռնարկել նման գործողությունները կանխարգելելու համար:

Նույն օրը նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նորընտիր գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի հետ: Շնորհավորելով տիկին Բոկովային հեղինակավոր միջազգային կազմակերպության ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` Հայաստանի արտգործնախարարը հույս հայտնեց, որ նա կարեւոր ներդրում կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակների իրականացման գործում:

Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի եւ միջոցառումների կապակցությամբ, եւ պատրաստակամություն հայտնեց շարունակել արդյունավետ համագործակցությունը կազմակերպության հետ:

Էդվարդ Նալբանդյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին տեղեկացրեց երեք տարի անց նշվելիք Հայկական տպագրության/գրահրատարակչության 500-ամյա հոբելյանի մասին եւ խնդրեց աջակցել այդ հոբելյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցի մեջ ընդգրկելուն, ինչպես նաեւ հայտնեց 2012թ. Երեւանը որպես համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու նպատակով հայտ ներկայացնելու Հայաստանի մտադրության մասին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց ս.թ. նոյեմբերին Երեւանում «Մշակութային քաղաքականություն եւ քաղաքականություն մշակույթի համար» խորագրով միջազգային համաժողովի կազմակերպմանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցության համար:

Իրինա Բոկովան, երախտագիտություն հայտնելով շնորհավորանքների համար, նշեց, որ Փարիզում Հայաստանի եւ Բուլղարիայի նախկին դեսպանների միջեւ հաստատված համագործակցությունը արդյունավետ շարունակություն կունենա:

Հայաստանի արտգործնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին հրավիրեց այցելել Հայաստան:

Հոկտեմբերի 7-ի երեկոյան, ավարտելով աշխատանքային այցելությունը Փարիզ, Էդվարդ Նալբանդյանը ուղեւորվեց Քիշնեւ:-
Տպել էջը