Մեկնարկեց Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Նյու-Յորք
26 սեպտեմբերի, 2009Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Սեպտեմբերի 26-ին աշխատանքային այցով Նյու-Յորք ժամանեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նույն օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպեց Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասյեի, Ռոբերտ Բրադկեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Ողջունելով Ռոբերտ Բրադկեի նշանակումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում, նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նրա դիվանագիտական ծառայության տարիներին կուտակած մեծ փորձը եւ հմտությունը օգտակար կլինեն արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում:
Շուրջ երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկվեցին ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված բանակցություններին առնչվող հարցեր:
Անդրադարձ կատարվեց եռանախագահների տարածաշրջան այցելության հնարավորությանը` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հաջորդ հանդիպման կազմակերպման նպատակով: