Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Լեհաստանի եվրաինտեգրման հարցերով պետքարտուղար Միկոլայ Դովգիլեվիչին
23 սեպտեմբերի, 2009Ս. թ. սեպտեմբերի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լեհաստանի նախարարների խորհրդի նախագահի տեղակալ եւ եվրաինտեգրման հարցերով պետքարտուղար Միկոլայ Դովգիլեվիչին:
Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացումը, բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացումը, տնտեսական կապերի ընդլայնումը, ինչպես նաեւ մշակութային ոլորտում համագործակցության խթանումը` հաշվի առնելով անհրաժեշտ իրավապայմանագրային հենքի առկայությունը:

Զրուցակիցները հանգամանալից զրույց ունեցան Հայաստանի եւ Եվրոպական միության համագործակցության շուրջ եւ այդ ուղղությամբ կատարվելիք քայլերի վերաբերյալ: Կարեւորվեց լեհ-շվեդական նախաձեռնությամբ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մեկնարկը եւ դրա ներուժի ամբողջական օգտագործումը, հատկապես` մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման եւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման հարցերում:
Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Միկոլայ Դովգիլեվիչը ողջունեց այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը եւ հույս հայտնեց, որ դրանք շոշափելի արդյունքներ կունենան:
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց նաեւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցությունների վերջին զարգացումները: