ՀՀ արտգործնախարարն ընդունեց Հայաստանում համատեղության կարգով հավատարմագրված դեսպաններին

20 սեպտեմբերի, 2009

Սեպտեմբերի 20-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում համատեղության կարգով հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններին(Ավստրալիա, Բելգիա, Բենին, Էստոնիա, Իսպանիա, Լատվիա, Քաթար, Հունգարիա, Հարավային Աֆրիկա, Չեխիա, Քուվեյթ, Կիպրոս, Կորեա, Սերբիա), որոնք Երեւանում են գտնվում ՀՀ Անկախության օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Հանդիպմանը նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, ընգծելով, որ հայկական դիվանագիտությունն ուղղված է տարածաշրջանում խաղաղության, համագործակցության եւ կայունության հաստատմանը, միջազգային գործընթացներում Հայաստանի ներգրավվածության խորացմանը:

Դեսպանների խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը` բնականոն հարաբերությունների հաստատման ճանապարհին անցած ուղին, շեշտելով, որ կողմերը սկսել եւ վարել են բանակցություններն ու եկել են համաձայնությունների այն փոխըմռնմամբ, որ հարաբերությունները պիտի կարգավորվեն եւ սահմանները՝ բացվեն առանց նախապայմանների, եւ որ այս սկզբունքից որեւէ ետքայլ կարող է վտանգել ողջ գործընթացը։

Դեսպանները հայտնեցին իրենց աջակցությունը հայ-թուրքական բանակցությունների կարգավորման գործընթացին, հույս հայտնելով, որ կողմերը կընթնան առաջ՝ հարգելով պայմանավորվածությունները։

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաեւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցությունների վերջին զարգացումներին եւ հեռանկարներին: Շարադրելով հայկական կողմի մոտեցումները, Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հակամարտության բանալին Արցախի կարգավիճակն է, եւ այս հարցում փոխըմռնումը հիմք կստեղծի հիմնախնդրի կարգավորման համար` միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:

Նախարար Նալբանդյանն ու Հայաստանում համատեղության կարգով հավատարմագրված դեսպանները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային մի շարք խնդիրների շուրջ:

Տպել էջը