ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը Panorama.am լրատվական գործակալության հարցին
18 սեպտեմբերի, 2009Հարց. Թուրքիայի վարչապետը հայտարարել է, թե մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրը չհաղթահարվի՝ հայ-թուրքական սահմանը չի բացվի, եւ նաեւ անհարգալից արտահայտություններ է անում հայկական Սփյուռքի հասցեին: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:
\nՊատասխան. Թուրքական կողմը տեղեկացված է եւ, վստահ ենք՝ գիտակցում է, որ մենք բացառում ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պայմանավորումը ԼՂ խնդրի հանգուցալուծման քայլերով:
\nՓորձելով կապել այդ երկու գործընթացները, կարելի է ձախողել թե մեկը, թե մյուսը:
\n Նույն դիրքորոշումն ունեն բազմաթիվ երկրներ, այդ թվում Մինսկի խմբի համանախագահ երկրները, որոնք բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների:
Այս փոխըմբռնմամբ ենք մենք սկսել եւ վարել բանակցություններն ու եկել փոխհամաձայնությունների, որոնք արտացոլված են նախաստորագրված արձանագրություններում:
\nԵթե Թուրքիայի ղեկավարությունը խնդիրներ ունի՝ կապված փաստաթղթերի ստորագրման հետ, ապա չպետք է փորձի դրանք լուծել նախաստորագրված փաստաթղթերի ոգուն, տառին եւ նպատակներին հակառակ:
\nՀամաձայնեցված փաստաթղթերի ստորագրումը եւ նրանց իրագործումը բարդություններով լի գործընթաց է: Սակայն Հայաստանը պատրաստ է հարգել պայմանավորվածությունները` առաջ գնալու համար:
\n Եթե ժամանակակից Թուրքիայի իշխանությունները պատրաստ չեն այսօր ընդունելու Օսմանյան Կայսրությունում իրականացված ցեղասպանության փաստը, ապա առնվազն պարտավոր են հարգալից լինել Հայոց ցեղասպանությունը վերապրածների եւ նրանց զավակների հանդեպ: