Բացվել է դիվանագետների կանանց եւ կին դիվանագետների «Բարի գալուստ Հայաստան» ասոցիացիան

16 սեպտեմբերի, 2009

Ս.թ. սեպտեմբերի 16-ին արտաքին գործերի նախարարի տիկնոջ` Նատալիա Նալբանդյանի նախագահության ներքո տեղի է ունեցել «Բարի գալուստ Հայաստան» ասոցիացիայի բացման արարողությունը։

Ասոցիացիայի նպատակն է դյուրացնել արտասահմանցի դիվանագետ ընտանիքների ինտեգրումը հայաստանյան կյանք` նրանց կեցությունը Հայաստանում հնարավորին չափ հետաքրքիր եւ հաճելի դարձնելու համար:

Ասոցիացիան` հայ դիվանագետների ընտանիքների, հայ մշակութային, գիտական ու գործարար շրջանակների ներկայացուցչիների հետ հանդիպումների միջոցով կծանոթացնի մեր երկրի բազմազանությանն ու ժողովրդի անկրկնելի ավանդույթներին:

Առաքելության իրականացման նպատակով «Բարի գալուստ Հայաստան» ասոցիացիան դիվանագետների ընտանիքների համար կկազմակերպի հանդիպումներ, էքսկուրսիաներ, համերգներ, որոնք կօգնեն ճանաչել Հայաստանի երեկն ու այսօրը, հայ ժողովրդի մշակույթն ու լեզուն, ավանդույթներն ու կենցաղը:

Ասոցիացիան շահույթ չհետապնդող կազմակերպություն է եւ նրա գործունեությունը դուրս է քաղաքական ու կրոնական ոլորտներից, այնտեղ ներկայացված են բոլոր մայրցամաքների ներկայացուցչիները: «Բարի գալուստ Հայաստան»-ի դռները մշտապես բաց են անդամակցության:

Ս.թ. հոկտեմբերից Երեւանում ապրող օտարեկրյա դիվանագտների կանանց եւ կին դիվանագետների համար ասոցիացիայի կողմից կազմակերպվելու են հայերեն լեզվի անվճար դասընթացներ:

Ասոցիացիայի բացման արարողությանը ներկա էին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների շուրջ հարյուր կին-ներկայացուցիչ։

Տպել էջը