ՀՀ ԱԳՆ-ում կայացան հայ-ֆիննական քաղաքական երկկողմ խորհրդակցություններ
09 սեպտեմբերի, 2009Ս.թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացան հայ-ֆիննական քաղաքական խորհրդակցություններ` արտաքին գերատեսչությունների վարչության պետերի մակարդակով: Կողմերը քննարկեցին քաղաքական երկխոսությանը, առեւտրային կապերի եւ ներդրումների խրախուսմանը, միջազգային կազմակերպություններում երկկողմ համագործակցությանը, զարգացման ծրագրերի իրականացմանը, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Գոհունակությամբ նշվեց երկկողմ քաղաքական շփումների բարձր մակարդակը եւ դրանց շարունակակաթյան անհրաժեշտությունը, կարեւորվեց խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը երկու ժողովուրդների մերձեցման հարցում:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում գործարար կապերի ակտիվացմանն ուղղված միջոցառումների իրականացման վերաբերյալ: Անդրադարձ կատարվեց Ֆինլանդիայի կողմից մշակված «Առավել ընդարձակ Եվրոպա» զարգացման ծրագրի դրույթներին: Կողմերը համաձայնության եկան տեղական ինքնակառավարման եւ մի շարք այլ ոլորտներում Ֆինլանդիայի լավագույն փորձի ուսումնասիրման եւ համագործակցության հաստատման հարցում:
Ֆիննական պատվիրակությանն ընդունեց նաեւ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կ. Ղազինյանը: Մտքեր փոխանակվեցին ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցության վերաբերյալ, նշվեց մարդկային շփումների խրախուսման կարեւորությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում: Ֆիննական կողմի խնդրանքով ներկայացվեցին հայ-թուրքական շփումներում վերջին զարգացումները:
Կողմերը պայմանավորվեցին երկկողմ քաղաքական երկխոսությանը հաղորդել պարբերական բնույթ, ֆիննական կողմն առաջարկեց խորհրդակցությունների հաջորդ փուլն անցկացնել 2010թ. Հելսինկիում: