Դեսպանների հավաքը շարունակում է աշխատանքները

02 սեպտեմբերի, 2009

Այսօր ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմի եւ դիվնագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ամենամյա հավաքը շարունակեց իր աշխատանքները:

Հանդիպումներ կայացան ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր ելույթում ներկայացրեց Ազգային ժողովի միջազգային գործունեությունը, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի պատվիրակությունների աշխատանքները, գործնական առաջարկություններ արեց երկրի օրենսդիր մարմնի եւ արտգործնախարարության միջեւ համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Խոսելով իրականացվող արտաքին քաղաքականության մասին, Հովիկ Աբրահամայանն ընդգծեց, որ խորհրդարանական մեծամասնությունը աջակցում է Նախագահ Սարգսյանի սկզբունքային ու նախաձեռնողական արտաքին քաղաքականությանը, որն ուղղված է Հայաստանի շահերի համակողմանի եւ հետեւողական պաշտպանությանը։ Խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը ներկա էին նաեւ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների, եվրաինտեգրման եւ պետաիրավական հանձնաժողովների նախագահները:

Հավաքին ընդարձակ ելույթով հանդես եկավ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը ներկայացրեց Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային միջոցառումները: Վարչապետը անդրադարձավ Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարներին, արտաքին շուկաներում հաջողության հասնելու համար Հայաստանի կառավարության գործնական քայլերին, տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող նախագծերին:

Տիգրան Սարգսյանը մանրամասն խոսեց «Հայկական աշխարհի» գաղափարախոսության մասին` կարեւորելով Հայաստանի ազգային մրցունակության խորհրդի դերը, Համահայկական բանկի ստեղծումը ու մեծածավալ ներդրումներ պահանջող ծրագրերի իրականացումը` նշելով այդ գործում ՀՀ դիվանագիտական ծառայության կողմից օժանդակության անհրաժեշտությունը:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ քննարկվեցին խորհրդի աշխատակազմի կողմից իրականացվող քայլերը` տարբեր բնագավառներում բարեփոխումների, խորհրդին կից ստեղծված հանձնաժողովների աշխատանքների համակարգման ուղղությամբ, ինչպես նաեւ ԱԱԽ աշխատակազմի եւ ԱԳՆ փոխգործակցության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը եւ այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Հայաստան-Սփյուռք համագործակցության, հայագիտության եւ հայապահպանման ընթացքին եւ այդ բնագավառում իրականացվող աշխատանքներին անդրադարձ եղավ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ելույթում եւ դրան հաջորդած քննարկումներում:

ԱԳՆ ղեկավար կազմի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում քննարկման առարկա դարձան նաեւ ԱԳՆ կառուցվածքային բարեփոխման, դիվանագիտական կադրերի ռոտացիայի, հյուպատոսական ծառայության որակի բարձրացման, միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման հարցերը:



Հավաքի աշխատանքներն ասուլիսով ամփոփեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ասուլիսի ձայնագրությունը ունկնդրելու համար սեղմեք այստեղ: MP3 format

ՀՀ ԱԳՆ ղեկավարությունը եւ դեսպաները այցելեցին նաեւ բարձր տեխնոլոգիաների Սինոփոսիս ընկերություն, որտեղ ծանոթացան ընկերության գործունեությանը:

Վաղը ՀՀ արտգործնախարարը, փոխնախարարները եւ դեսպանները կմեկնեն Արցախ:

Տպել էջը