ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին
21 օգոստոսի, 2009Ս.թ. օգոստոսի 21-ին ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին:
Պաշտոնի ստանձնման կապակցությամբ Սամվել Մկրտչյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին է փոխանցել Հայաստանի Նախագահի, արտգործնախարարի եւ պաշտպանության նախարարի շնորհավորանքները:
Դեսպան Մկորտչյանը նշել է, որ Հայաստանը հաստատակամ է զարգացնել գործընկերային հարաբերությունները Դաշինքի հետ, եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը կծառայեցվի այդ նպատակին: Դեսպանն ընդգծել է, որ հայկական կողմը կարեւորում է մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղպահ գործողություններին. առաջիկայում հայ զինվորականները կներգրավվեն նաեւ Աֆղանստանի Անվտանգության աջակցության միջազգային ուժերին:
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը դրական է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը` գործող ձեւաչափերի շրջանակներում: Անդերս Ֆոգ Ռասմուսենը կարեւորել է Դաշինքի կողմից ղեկավարվող գործողություններին Հայաստանի մասնակցությունը եւ ընդգծել, որ Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցությունը շարունակելու է: