Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանն իր հավատարմագրերի պատճենները հանձնեց Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտգործնախարար Ահմեդ Աբուլ Ղեյտին
21 օգոստոսի, 2009Ս.թ. օգոստոսի 20-ին Եգիպտոսում Հայաստանի նորանշանակ դեսպան Արմեն Մելքոնյանն իր հավատարմագրերի պատճենները հանձնեց արտգործնախարար Ահմեդ Աբուլ Ղեյտին:
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ժամանակ նախարար Աբուլ Ղեյտը շնորհավորեց դեսպան Մելքոնյանին նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ դեսպանը պաշտոնավարման ընթացքում իր նպաստը կբերի հայ-եգիպտական հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը: Նա բարձր գնահատեց երկու երկրների միջեւ առկա երկկողմ համագործակցությունն ու կարեւորեց տարբեր մակարդակների շփումների շարունակականությունը: Նախարարը հատուկ ընդգծեց եգիպտահայ համայնքի գործուն դերակատության ինչպես Եգիպտոսի ներքին կյանքում, այնպես էլ հայ-եգիպտական հարաբերությունների սերտացման հարցում:
Դեսպան Մելքոնյանը, նախարար Աբուլ Ղեյտին փոխանցելով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ողջույնները, շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ հաստատեց իր պատրաստակամությունը ջանք չխնայել նախանշված ծրագրերը կյանքի կոչելու եւ փոխշահավետ համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու համար: Վերջինս նախարար Աբուլ Ղեյտի խնդրանքով ներկայացրեց արցախյան հիմնահարցի շուրջ ընթացող վերջին զարգացումները, ինչպես նաեւ հայ-թուրքական երկխոսության ներկայիս վիճակը: