Հայաստանի փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանն ընդունել է Ֆրանսիայի Բյուսի-Սեն-Ժորժ քաղաքի քաղաքապետ Հյուգ Ռոնդոյին

07 օգոստոսի, 2009

Ս.թ. օգոստոսի 7-ին Հայաստանի փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանն ընդունեց Ֆրանսիայի Իլ-դե-Ֆրանս շրջանի Բյուսի-Սեն-Ժորժ քաղաքի քաղաքապետ Հյուգ Ռոնդոյին:

Ողջունելով հյուրին` փոխնախարար Ղազինյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Ռոնդոյի ջանքերի համար, որոնց շնորհիվ Բյուսի-Սեն-Ժորժ քաղաքը քույր քաղաք դարձավ Հայաստանի Արարատ եւ Սեւան քաղաքների հետ: Տիկին Ղազինյանը կարեւորեց Հայաստանի եւ Ֆրանսիայի ապակենտրոնացված համագործակցությունը, որը նրա բնորոշմամբ լավ հիմք է ստեղծում միջպետական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը:

Երկուստեք արժեւորվեցին Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հաստատված սերտ կապերը եւ ակտիվ փոխշփումները:

Իր հերթին Հյուգ Ռոնդոն բարձր գնահատեց հայ-ֆրանսիական հարաբերությունները եւ ֆրանսահայերի մասնակցությունը իր կողմից ղեկավարվող քաղաքի զարգացմանը:

Զրուցակիցները կարեւորեցին տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ կանոնավոր կապերի խորացման անհրաժեշտությունը:
Տպել էջը