Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան
13 հուլիսի, 2009Ս.թ. հուլիսի 13-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Նիկոլայ Պավլովին` Երեւանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-ռուսական դաշնակցային եւ ռազմավարական հարաբերությունները եւ նշեց, որ դեսպան Պավլովի պաշտոնավարման տարիներին դրանք ավելի են խորացել եւ ընդլայնվել: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Նիկոլայ Պավլովին հայ-ռուսական համագործակցության ամրապնդմանն ուղղված գործունեության, ամենօրյա հետեւողական աշխատանքի եւ անձնական ներդրման համար:
Իր հերթին դեսպան Պավլովը նշեց, որ ջերմ հիշողություններով է հեռանում Հայաստանից, եւ շնորհակալություն հայտնեց իր առաքելության ընթացքում ԱԳՆ ցուցաբերած աջակցության համար:
Նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթելով դեսպան Պավլովին հետագա գործունեության մեջ` նրան պարգեւատրեց ԱԳՆ պատվո մեդալով: