Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանայինգրասենյակի ղեկավար Սթիվեն Ալլենին
08 հուլիսի, 2009Ս.թ. հուլիսի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Սթիվեն Ալլենին (Steven R.Allen): Սա պրն. Ալլենի առաջին այցն էր տարածաշրջան` ս.թ. ապրիլին գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո:
Ողջունելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարին` Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց գրասենյակի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի համար, որոնք ուղղված են երեխաների իրավունքների պաշտպանությանը, կրթությանն ու առողջապահական հիմնախնդիրների լուծմանը: Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանը կարեւորեց 2010-2015թթ. Հայաստանում գործողությունների ծրագրի իրականացումը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց ՀՀ ԱԺ եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որով նոր հնարավորություններ են բացվում երեխայի իրավունքների պաշտպանության հարցում: