ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ անվտանգության գնահատման տարեկան համաժողովին
26 հունիսի, 2009Ս.թ. հունիսի 23-24-ը Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում մասնակցել է ԵԱՀԿ անվտանգության գնահատման տարեկան համաժողովին: Համաժողովը ԵԱՀԿ անվտանգության բնագավառի ամենամյա խոշորագույն միջոցառումն է, որի ընթացքում ԵԱՀԿ անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաները քննարկում են Եվրոպայում անվտանգության հայեցակարգի կատարելագործման, սպառազինությունների վերահսկման մեխանիզմների գործունեության եւ արդիականացման հնարավորության, հակամարտությունների կանխարգելման եւ կարգավորման ուղիների, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաեւ անվտանգության ոլորտում ԵԱՀԿ անդամ-երկրների ստանձնած պարտավորությունների ընթացքի հետ կապված հարցեր:
Համաժողովի ընթացքում, որպես հիմնական բանախոս, ելույթ է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նա մանրամասն ներկայացրել է Եվրոպայում անվտանգության հայեցակարգի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը, անդրադարձել այդ ասպարեզում գոյություն ունեցող խնդիրներին ու բացթողումներին, ինչպես նաեւ նախանշել անվտանգության համակարգի ամրապնդման եւ արդիականացման հնարավոր ուղիները, մասնավորապես` եվրոպական անվտանգության նոր պայմանագրի եւ անվտանգության ոլորտում փոխլրացնող իրավական պարտավորությունների ստանձնման անհրաժեշտությունը:
Նշված հարցերի շուրջ հանդես է եկել նաեւ Հայաստանի պատվիրակության ղեկավար, փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, ով կարեւորելով Եվրոպայում անվտանգության համակարգը եւ մասնավորապես` այդ ոլորտում ԵԱՀԿ դերը, ընդգծել է ժամանակակից պահանջներին ու մարտահրավերներին դրա համապատասխանեցման անհրաժեշտությունը: Հայկական պատվիրակությունն առանձին ելույթներով հանդես է եկել համաժողովի բոլոր նիստերի ընթացքում` հանգամանորեն ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը անվտանգության ոլորտի խնդիրների վերաբերյալ:
ԵԱՀԿ տարածքում չլուծված հակամարտությունների շուրջ ծավալված քննարկման ընթացքում փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմքում ընկած են ազգերի ինքնորոշման միջազգայնորեն ընդունված իրավունքի կիրառման եւ ԼՂ ազգաբնակչության անվտանգության ապահովման հիմնարար սկզբունքները: