ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը Նովոստի-Արմենիա լրատվական գործակալության հարցին
23 հունիսի, 2009Հարց. Երեկ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան հարցազրույց է տվել «Ռոյթերզ» գործակալությանը, որն առնչվում էր Լեռնային Ղարաբաղի կարգավորման տարբեր կողմերին, եւ, մասնավորապես, չի բացառել մինչեւ տարեվերջ խաղաղության համաձայնագրի ստորագրման հնարավորությունը: Շարունակելով նույն թեման` Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ եթե մինչեւ այս տարեվերջ շրջանակային համաձայնագիր չստորագրվի, ապա դրանում ադրբեջանական կողմը մեղավոր չի լինի: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները:
Պատասխան. Բոլորն արդեն սովոր են, որ պարոն Բրայզայի հայտարարությունները սովորաբար սրբագրվում կամ հերքվում են կամ հընթացս, կամ որոշ ժամանակ անց, կամ էլ վերջապես: Ժամանակը ցույց կտա, թե ինչ ի նկատի ուներ եւ ինչ էր ուզում իրականում ասել պարոն Բրայզան:
Ինչ վերաբերում է պարոն Մամեդյարովի հայտարարությանը, ապա հենց ադրբեջանական կողմն է մեղավոր, որ համաձայնություն այս տարիների ընթացքում ձեռք չի բերվել ու չի ստորագրվել: Հայաստանը շարունակում է բանակցությունները, քանի որ չի բացառում, որ Ադրբեջանը վաղ թե ուշ կառուցողական դիրքորոշում կցուցաբերի: Սակայն պարոն Մամեդյարովի հայտարարությունը վկայում է հենց հակառակի մասին` Ադրբեջանի մտադրույթան մասին նույն ոգով շարունակել ապակառուցողական քաղաքականությունը եւ հերթական անգամ փորձել սեփական մեղքը բարդել Հայաստանի վրա: