Հայաստանում բացվում է Արգենտինայի դեսպանությունը

19 հունիսի, 2009

Ս.թ. հունիսի 19-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Արգենտինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարսելո Սեբաստեին, որը Երեւան է ժամանել Արգենտինայի դեսպանության բացման կապակցությամբ:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստանում Արգենտինայի դեսպանատան բացման առնչությամբ` հույս հայտնելով, որ այն նոր թափ կհաղորդի երկկողմ բազմաբովանդակ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունները, ինչպես նաեւ զարգացած իրավա-պայմանագրային դաշտն ամուր հիմք են ստեղծում տարբեր ոլորտներում առավել ակտիվ համագործակցության հաստատման համար: Էդվարդ Նալբանդյանը հայտնեց Արգետնիտայի գործերի հավատարմատարին, որ արգործնախարարությունը ամենայն աջակցություն կցուցաբերի իր առաքելության իրականացման ընթացքում եւ դեսպանության հիմնադրման եւ բացման գործում:

Մարսելո Սեբաստեն Հայաստանի արտգործնախարարին փոխանցեց Արգենտինայի ԱԳ նախարար Խորխե Տայանայի ուղերձը եւ նշեց, որ Արգենտինան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների հետագա ընդայնմանը, եւ դրանով է պայմանավորված Հարավային Կովկասում Արգենտինայի առաջին դեսպանության բացումը Երեւանում: Նա կարեւորեց Արգենտինայի հայ համայնքի ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Զրուցակիցները նաեւ մտքեր փոխանակեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:

Արգենտինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը Հայաստանի արտգործնախարարին վերահաստատեց իր արգենտիացի գործընկերոջ Բուենոս-Այրես այցելելու հրավերը:

Տպել էջը