Նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի դեսպանին

16 հունիսի, 2009

Ս.թ. հունիսի 16-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Անդրեա Յոանա-Մարիա Վիկտորինին` Երեւանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Շնորհակալություն հայտնելով դեսպանին իր առաքելության ընթացքում հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների զարգացումը խթանելուն ուղղված գործունեության համար` նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց դեսպան Վիկտորինին հետագա գործունեության մեջ:

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարեւորեց Գերմանիայի հետ բազմաբովանդակ համագործակցության հետագա խորացումն ու ամրապնդումը, ընդգծելով, որ Գերմանիան Հայաստանում ամենակարեւոր ներդրողներից մեկն է, շեշտեց նաեւ, որ Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի կառավարության կողմից երկրի զարգացմանն ուղղված տեխնիկական եւ ֆինանսական ծրագրերը:

Դեսպանն իր հերթին նշեց, որ ջերմ զգացմունքներով է հեռանում Հայաստանից եւ շնորհակալություն հայտնեց իր առաքելության ընթացքում ԱԳՆ ցուցաբերած աջակցության համար:
Տպել էջը