Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Պաետին
11 հունիսի, 2009Ս.թ. հունիսի 11-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երեւանում գտնվող Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Պաետին:
Ողջունելով Էստոնիայի արտգործնախարարին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը` նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման կապակցությամբ եւ ընդգծեց, որ Հայաստանը շահագրգիռ է Էստոնիայի հետ փոխշահավետ հարաբերությունների խորացման եւ ամրապնդման գործում:
Ուրմաս Պաետը եւս բարձր գնահատեց երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունները եւ նշեց, որ Էստոնիան մտադիր է գործուն քայլեր ձեռնարկել տարբեր բնագավառներում Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցության զարգացման ուղղությամբ:
Բանակցությունների ընթացքում երկուստեք կարեւորվեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ քաղաքական խորհրդատվություններն անցկացնել այս տարվա աշնանը Երեւանում: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանում դիվանագիտական դպրոցի հիմնադրման աշխատանքներին Էստոնիայից ցուցաբերվող աջակցության համար:
Անդրադառնալով տնտեսական հարաբերությունների խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին` նախարարներ Նալբանդյանն ու Պաետը գոհունակությամբ նշեցին, որ այսօր Երեւանում բացվելիք հայ-էստոնական տնտեսական համաժողովը նոր հնարավորություններ կստեղծի հայ եւ էստոնացի գործարարների համագործակցության համար:
Հայաստանի եւ Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղակավարները քննարկեցին մուտքի արտոնագրերի ստացման գործընթացի փոխադարձ դյուրացման հնարավորությունը, իրավա-պայմանագրային դաշտի կատարելագործման հետ կապված հարցեր:
Հայաստանի եւ Էստոնիայի արտգործնախարարները բովանդակալից զրույց ունեցան Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության ընթացքի եւ այդ ոլորտում կատարվելիք քայլերի վերաբերյալ, ինչպես նաեւ քննարկեցին ԵՄ Արեւելյան գործընկերություն ծրագրին առնչվող հարցեր:
Էստոնիայի ԱԳ նախարարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների վերջին զարգացումները եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց մի շարք տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների:
Ասուլիսի ձայնագրությունը ունկնդրելու համար սեղմեք այստեղ: