ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Թբիլիսի
08 հունիսի, 2009Ս.թ. հունիսի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Գրիգոլ Վաշաձեի հրավերով աշխատանքային այցով ժամանեց Թբիլիսի:
Ժամանելուն պես Էդվարդ Նալբանդյանն ուղեւորվեց Թբիլիսիի Մեյդան հրապարակ, որտեղ Հայաստանի արտգործնախարարն իր վրացի գործընկերոջ Գրիգոլ Վաշաձեի ու Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգալավայի հետ հանդիսավորությամբ բացեց Սայաթ-Նովային նվիրված հուշակոթողը, որի հիմնաքարը դրվել էր 2008թ. սեպտեմբերին Հայաստանի եւ Վրաստանի նախագահների կողմից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Թբիլիսի կատարած պաշտոնական այցելության ժամանակ:
Ելույթ ունենալով այդ առիթով հավաքված հազարավոր թբիլիսցիների, Հայաստանից ժամանած մշակութային եւ գրական գործիչների առջեւ` Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Թբիլիսիի իշխանություններին եւ հուշակոթողի հեղինակներին հայ-վրացական բարեկամությունը մարմնավորող ամենավառ անհատներից մեկին` Սայաթ-Նովային նվիրված հուշակոթողը Թբիլիսիի կենտրոնում տեղադրելու համար:
Իր խոսքում նախարար Նալբանդյանը նշեց. «Հայ ու վրացի ժողովուրդները հինավուրց մշակույթի, ավանդույթների եւ դարավոր բարեկամության ժառանգորդներ են, որը մեզ է հասել մեր նախնիներից: Ժառանգել չի նշանակում միայն ստանալ, այլեւ տեր կանգնել, պահպանել ու բազմապատկել մեր նախնիներից ժառանգածը: Կարծում եմ` հենց դա են երազել մեր ստեղծագործ հայրերը, կարծում եմ` հենց դա է երազել Սայաթ Նովան»:
Հունիսի 8-ի առավոտյան կայացավ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ:
Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն գոհունակություն հայտնեց տարբեր բնագավառներում Հայաստանի հետ զարգացող համագործակցության վերաբերյալ եւ նշեց, որ Վրաստանի իշխանությունները շահագրգիռ են առավել խորացնելու եւ ընդլայնելու փոխհարաբերությունների առկա բարձր մակարդակը:
Նախարարները քննարկեցին առաջիկայում Վրաստանի նախագահի Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Անդրադառնալով երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությանը եւ այդ ոլորտում փոխգործակցությունը խթանելուն ուղղված քայլերին` Էդվարդ Նալբանդյանը հայտնեց հայկական կողմի ակնկալիքը դեպի Հայաստան եւ Հայաստանից դուրս Վրաստանի տարածքով կատարվող տարանցիկ բեռնափոխադրումների համար գանձվող սակագների վերանայման վերաբերյալ: Նախարարները քննարկեցին էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում համագործակցության հետ կապված հարցեր:
Հայ-վրացական մշակութային փոխանակումների մասին խոսելիս նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց վերջերս Հայաստանում անցկացված Վրաստանի մշակութային օրերի հաջողության կապակցությամբ եւ կարեւորեց նման միջոցառումների կազմակերպումը Վրաստանում եւ Հայաստանում:
Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարները մանրամասն քննարկեցին վիրահայությանը հուզող մի շարք խնդիրներ, այս ենթատեքստում Գրիգոլ Վաշաձեն ներկայացրեց Ջավախքում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված Վրաստանի իշխանությունների կողմից իրականացվող ծրագրերը, մասնավորապես` աշխատատեղերի ստեղծման, ճանապարհների կառուցման եւ կրթական հաստատությունների պայմանների բարելավման բնագավառներում:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ:
Հանդիպմանը հետեւեց Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
Նույն օրը նախարար Նալբանդյանը վերադարձավ Երեւան: