ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Էդիկ Զոհրաբյանին պարգեւատրեց ԱԳՆ հուշամեդալով
03 հունիսի, 2009Ս.թ. հունիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հիմնադիր եւ բազմամյա դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Զոհրաբյանին: Էդվարդ Նալբանդյանն Էդիկ Զոհրաբյանի 70-ամյակի կապակցությամբ նրան պարգեւատրեց ԱԳՆ հուշամեդալով:

Շնորհավորելով պրոֆեսոր Զոհրաբյանին` նախարար Նալբանդյանը նշեց, որ մեծ է Զոհրաբյանի ներդրումը Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հիմնադրման եւ կայացման գործում: Շուրջ տասնհինգ տարի շարունակ նրա անմիջական ղեկավարությամբ եւ մասնակցությամբ ֆակուլտետը դարձել է միջազգային հարաբերությունների ոլորտում երիտասարդ մասնագետների պատրաստման հիմնական դարբնոցը, որն այսօր ավարտել են մի քանի հարյուր ուսանողներ: Նրանցից շատերը համալրել են Հայաստանի դիվանագիտական ծառայության շարքերը:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարեւորեց պրոֆեսոր Զոհրաբյանի գիտական վաստակը պատմագիտության, դիվանագիտության պատմության ոլորտում, մասնավորապես` Հայաստանի առաջին Հանրապետության պատմության, 1918-1922թթ. հայ-թուրքական հարաբերությունների ուսումնասիրման գործում:
Շնորհակալություն հայտնելով հուշամեդալի եւ ուշադրության համար` պրոֆեսոր Զոհրաբյանը նշեց, որ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հիմնադրման հիմնական նպատակն է եղել հենց ԱԳՆ համար որակյալ կադրերի պատրաստումը եւ ինքը հպարտ է, որ ֆակուլտետի շրջանավարտներից շատերը աշխատում են ՀՀ ԱԳՆ համակարգում: