Նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում ՆիդեռլանդներիԹագավորության դեսպանին
03 հունիսի, 2009Ս.թ. հունիսի 3-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Օննո Էլդերենբոսին (նստավայրը` Թբիլիսի)` Երեւանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Շնորհակալություն հայտնելով դեսպանին իր առաքելության ընթացքում հայ-հոլանդական հարաբերությունների զարգացումը խթանելուն ուղղված գործունեության համար` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը կարեւորում է տարբեր բնագավառներում հայ-հոլանդական համագործակցության ամրապնդումն ու խորացումը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելեց, որ Հայաստանը բարձր է գնահատում անկախությունից ի վեր Նիդեռլանդների ցուցաբերած աջակցությունը Հայաստանի տնտեսության զարգացմանը:
Դեսպանն իր հերթին նշեց, որ ջերմ զգացմունքներով է հեռանում Հայաստանից եւ շնորհակալություն հայտնեց իր առաքելության ընթացքում ԱԳՆ ցուցաբերած աջակցության համար: