Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սիրիայի ԱԳ նախարար Ուալիդ ալ-Մուալլիմին

02 հունիսի, 2009

Ս.թ. հունիսի 2-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց աշխատանքային այցով Երեւանում գտնվող Սիրիայի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Ուալիդ ալ-Մուալլիմին:

Բարձր գնահատելով հայ-սիրիական հարաբերությունները` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հայ եւ սիրիացի ժողովուրդները կապված են պատմությամբ ստուգված ավանդական բարեկամությամբ եւ փոխադարձ համակրանքով, իսկ երկու շաբաթ անց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշշար ալ-Ասադի Հայաստան կատարելիք այցը կնպաստի Սիրիայի եւ Հայաստանի հարաբերությունների ամրապնդմանն ու հետագա խորացմանը:

Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց նաեւ, որ ս.թ. փետրվարին Դամասկոս կատարած իր այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները բավականին արագ ի կատար ածվեցին եւ կարճ ժամանակահատվածում Սիրիայում ՀՀ դեսպանությանը տրամադրվեց հարմարավետ շենք:

Նախարար ալ-Մուալլիմը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ ուրախությամբ է այցելում բարեկամ Հայաստան: Սիրիայի արտգործնախարարը կարեւորեց քաղաքական երկխոսության ակտիվացումը, տարբեր բնագավառներում հայ-սիրիական հարաբերությունների զարգացումը` հատկապես ընդգծելով առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման եւ մշակութային ոլորտում փոխանակումների ակտիվացման անհրաժեշտությունը:

Հայաստանի եւ Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրամասն քննարկեցին հայ-սիրիական հարաբերությունների հետագա ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Զրուցակիցները հանգամանալից զրույց ունեցան Հարավայիկն Կովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդման հարցերի շուրջ: Նախարարներն ընդգծեցին առկա խնդիրների խաղաղ բանակցային ճանապարհով լուծման կարեւորությունը:

Ուալիդ ալ-Մուալլիմը Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեց Միջին Արեւելքում առկա խնդիրների կարգավորման գործընթացը եւ Սիրիայի մոտեցումներն այդ հարցերի վերաբերյալ:

Հանդիպումից հետո տեղի ունեցավ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Սիրիայի ԱԳ նախարար Ուալիդ ալ-Մուալլիմի համատեղ մամուլի ասուլիսը:

Ասուլիսի ձայնագրությունը ունկնդրելու համար սեղմեք այստեղ: MP3 format

Տպել էջը