ՀՀ ԱԳ նախարարի տեղեկալ Շավարշ Քոչարյանի պատասխանը Panarmenian.net լրատվական գործակալության հարցին
29 մայիսի, 2009Հարց. Պարոն Քոչարյան, վերջերս Ադրբեջանից հնչող հայտարարությունները արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերաբերյալ կարծես թե անցնում են դիվանագիտական էթիկայի սահմանները: Ինչպես կմեկնաբանե՞ք դրանք:
Պատասխան. Ակնհայտ է , որ այդ հայտարարություններն արդեն անցել են ոչ միայն դիվանագիտական էթիակի, այլեւ տարրական քաղաքավարության սահմանները:
Արդեն կարծես ավանդույթ է դառնում, որ նախագահների յուրաքանչյուր հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը հայտարարություններ է անում, որոնցով վնաս է հասցնում դեռ չկայացած հանդիպմանը:
Տարօրինակ կերպով դա տեղի է ունենում նաեւ բանակցություններից հետո, երբ ադրբեջանական կողմի մեկնաբանությունները գրեթե մշտապես տարբերվում են ոչ միայն Հայաստանի, այլեւ միջնորդների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գնահատականներից:
Հարց է ծագում, թե ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը` բանակցե՞լ, թե խղճալի համառությամբ փորձել ձախողել բանակցությունները: