Խորվաթիայի դեսպանը ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը

18 մայիսի, 2009

Ս. թ. մայիսի 18-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց Հայաստանում Խորվաթիայի նորանշանակ դեսպան Վեսնա Ցվյետկովիչ-Կուրելեցին (նստավայրը` Աթենք) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ողջունելով հյուրին` նախարարի տեղակալ Ղազինյանը հաջողություն մաղթեց դեսպանին դիվանագիտական առաքելության կատարման գործում` հույս հայտնելով, որ նոր դեսպանի նշանակումը կարող է լուրջ խթան հանդիսանալ հայ-խորվաթական երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում: Կարինե Ղազինյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Խորվաթիայի հետ հարաբերությունների զարգացումը եւ խորացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով:

Իր հերթին դեսպան Ցվյետկովիչ-Կուրելեցն ընդգծեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ քաղաքական երկխոսության աշխուժացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ հայ-խորվաթական հնարավոր փոխգործակցությանը ԵՄ նախաձեռնությունների` Արեւելյան գործընկերության եւ ԵՄ Սեւծովյան ծրագրերի շրջանակներում:

Հյուրի խնդրանքով Կարինե Ղազինյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ անդրադարձ կատարվեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանը:

Տեղեկանք : Վեսնա Ցվյետկովիչ-Կուրելեցն ավարտել է Վիեննայի համալսարանի Թատերական արվեստի եւ սլավոնական լեզուների ֆակուլտետը: 2000-2003թթ. եղել է Խորվաթիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ, 2001-2003թթ.` Խորվաթիա-Բավարիա հանձնաժողովի համանախագահ, իսկ 2003թ. Գերմանիայում Խորվաթիայի արտակարգ եւ լիազոր դեսպան: Տիրապետում է գերմաներեն, անգլերեն, հունարեն, ֆրանսերեն եւ իտալերեն լեզուների:
Տպել էջը