ՀՀ ԱԳ նախարարն ընդունեց Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցչին

14 մայիսի, 2009

Ս.թ. մայիսի 14-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ համագործակցության ընդլայնման ուղիները, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ փոխգործակցության ակտիվացման հնարավորությունները: Բրիտանական կողմի առաջարկությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի եւ Միացյալ Թագավարության արտգործնախարարությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացման վերաբերյալ:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս ենթատեքստում Բրայան Ֆոլը ողջունեց այդ ուղղությամբ վերջերս արձանագրված առաջընթացը եւ հույս հայտնեց, որ կողմերը շուտով կսկսեն պայմանավորվածությունների իրականացումը:

Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի երեկ Բաքվում արված հայտարարություններին, նախարար Նալբանդյանը նշեց, որ Թուրքիայի փորձերը միջամտելու արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընացին կարող են այդ գործընթացին վնաս հասցնել: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի բնորոշմամբ ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություներն ընթանում են Մինսկի Խմբի եռանախագահների միջնորդությամբ` մադրիդյան առաջարկությունների հիման վրա եւ կողմերը փորձում են մոտեցնել իրենց դիրքորոշումները: Նա հավելեց, որ եթե Թուրքիան ցանկանում է օգնել հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, ապա դրա ամենաճիշտ ձեւը կլինի ընդհանրապես չխառնվել այդ հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացին:

Էդվարդ Նալբանդյանն ու Բրայան Ֆոլը մտքեր փոխանակեցին արցախյան հիմնխանդրի կարգավորման վերաբերյալ, ընգծելով խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա:
Տպել էջը