ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց թրաֆիկինգի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Էվա Բյոդեին
08 մայիսի, 2009Ս.թ. մայիսի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող թրաֆիկինգի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Էվա Բյոդեին:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի ուղղությամբ հանրապետությունում ձեռնարկված քայլերն անցած ժամանակահատվածում, գրանցված առաջընթացն ու ուշադրության առարկա այն ոլորտները, որոնցում դեռեւս աշխատանք կա տանելու:

Տկն. Բյոդեն նշեց, որ անցած երեք օրերի ընթացքում տեղի ունեցած հանդիպումներն արդյունավետ էին եւ բավականաչափ պատկերացում տվեցին Հայաստանում երեւույթի դեմ իրականացվող քայլերի մասին թե?օրենսդրական դաշտում, թե?իրավապահ մարմինների գործունեության եւ թե?զոհերին աջակցության ոլորտներում, որն այսօր իրականացվում է տեղական մասնագիտացված հասարակական կազմակերպությունների միջոցով: Նա արձանագրեց, որ պետական կառույցների եւ ՀԿ-ների միջեւ առկա է սերտ համագործակցություն, ինչը լավ հիմք է թրաֆիկինգի դեմ արդյունավետ պայքար մղելու համար: Նրա կողմից կարեւորվեց պետական ֆինանսավորման խնդիրը, որպես գործողությունների անխափան իրականացման նախապայմանի, հատկապես` հաջորդ եռամյա ազգային ծրագրի մշակման ժամանակ: Վեր հանվեցին նաեւ որոշ խնդիրներ, ինչպիսիք են, օրինակ, ներքին ու աշխատանքային թրաֆիկինգը, որոնք, դատելով ԵԱՀԿ տարածաշրջանի այլ երկրների փորձից, կարող են մտահոգության առարկա լինել եւ կարիք ունեն լրացուցիչ ուսումնասիրման ու այդ ուղղությամբ հստակ քայլերի իրականացման:
