Հայոց ցեղասպանության 94-ամյակին նվիրված միջոցառումներ
29 ապրիլի, 2009ՇՎԵՅՑԱՐԻԱ
Ապրիլի 24-ին Շվեյցարիայի մի շարք բնակավայրերում կազմակերպվել էին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ:
Շվեյցարիայի ֆրանսախոս մասի հայկական համայնքը կազմակերպել էր 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն: Երեկոյան Տրուանեի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին մատուցվել է պատարագ եւ տեղի ունեցել պսակադրության արարողություն: Հայ համայնքին ուղերձով դիմել է Շվեյցարիայի խորհրդարանի` Ազգային խորհրդի նախագահ տիկին Կիարա Սիմոնեսքի-Քորթեզը, ելույթներով հանդես են եկել Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության դեսպանորդ Սաթենիկ Աբգարյանը, Շվեյցարիայի ֆրանսախոս մասի հայկական համայնքի ներկայացուցիչ Զարեհ Քուրքջյանը, Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի համանախագահներ` խորհրդարանականներ Դոմինիկ Դը Բումանը եւ Ուելի Լոյենբերգերը, Տրուանեի քաղաքապետ Ժակ Մանենան, Ժնեւի կանտոնի համայնքային իշխանության ներկայացուցիչները:
Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի կողքին բացվել է հուշաքար` ի հիշատակ խորհրդարանական Ժան-Կլոդ Վոդրոյի եւ ի պատիվ այն բոլոր խորհրդարանականների, որոնք աջակցել են նրան Շվեյցարիայի Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման գործում: Բացման արարողությանը ներկա էր Վոդրոյի մայրը:
Հայկական մշակութային տանը տեղի է ունեցել Զոհերի հիշատակին նվիրված համերգ:
Ապրիլի 23-ին Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության նախաձեռնությամբ Ժնեւում շվեյցարական մամուլի ակումբում շվեյցարիացի եւ օտարերկրյա լրագրողների համար կազմակերպվել է մամուլի ասուլիս «Շվեյցարիան եւ Հայոց ցեղասպանությունը» թեմայով, որի ընթացքում ելույթով հանդես է եկել Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի համանախագահ, կանաչների կուսակցության նախագահ Ուելի Լոյենբերգերը:
Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել նաեւ Ցյուրիխում, որտեղ կազմակերպվել է հիշատակի երեկո, որի ժամանակ ելույթով հանդես է եկել Ցյուրիխի քաղաքապետ Էլմար Լեդերգերբերը, տեղի է ունեցել համերգ Լոզանի Կոմիտասի անվան երգչախմբի կատարմամբ:
ԲՐԱԶԻԼԻԱ
Ապրիլի 23-ին Սան Պաուլոյի նահանգի խորհրդարանի «Ֆրանկո Մոնտորո» դահլիճում նահանգային պատգամավոր Վիկտոր Սապիենզայի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հուշ երեկո` նվիրված 1915 թ. Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցին: Ներկաների թվում էին Բրազիլիայի դաշնային Ազգային կոնգրեսի պատգամավորների պալատի անդամներ Առնալդո Ֆարիա դե Սան եւ Էդսոն Ապարեսիդոն, Բրազիլահայ թեմի առաջնորդ Տաթեւ Արքեպիսկոպոս Ղարիբյանը, նահանգային խորհրդարանին կից գործող ազգային փոքրամասնությունների կազմակերպության եւ խորհրդարանի մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչներ:
Միջոցառումը սկսվել է Հայաստանի Հանրապետության եւ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության օրհներգերով, որից հետո ելույթներ են ունեցել դաշնային պատգամավորներ Ա. Ֆարիա դե Սան, Էդսոն Ապարեսիդոն եւ նիստի նախագահող Վ. Սապիենզան, որոնք իրենց ելույթներում անդրադարձել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությանը, անպատժելիության մթնոլորտի վերացմանը` որպես կանխարգելիչ միջոց ապագա ցեղասպանությունների իրագործման դեմ աշխարհի որեւէ անկյունում: Բանախոսները նաեւ պարտավորություն են ստանձնել ներկաների առջեւ շարունակելու ջանքեր գործադրել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Բրազիլայի դաշնային խորհրդարանի կողմից: Ոգեկոչման երեկոյին եզրափակիչ ելույթով հանդես է եկել Սան Պաուլոյում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վալերի Մկրտումյանը: Միջոցառմանը ներկա էին բրազիլահայ համայնքի հայկական կառույցների ղեկավարները, համայնքային բազմաթիվ ներկայացուցիչներ:
Ապրիլի 24-ի առավոտյան Սան Պաուլոյի Սբ. Գեւորգ Հայաստանյայց Առաքելական եկեղեցում տեղի է ունեցել 1915 թ. Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագ:
Նույն օրը` երեկոյան հայաշատ Օզասկո քաղաքի հայ համայնքի ղեկավարության կողմից կազմակերպվել է հուշ երեկո, ուր ելույթներով հանդես են եկել Համայնքի ղեկավար Ռոբերտո Ներգիզյանը եւ Հայաստանի գլխավոր հյուպատոս Վալերի Մկրտումյանը:
Ապրիլի 24-ի երեկոյան տեղի հայ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները եւ սկաուտական շարժման անդամները Սան Պաուլոյի Պաուլիստա կենտրոնական պողոտայում պաստառներով եւ դրոշներով զինված անցկացրել են մոմավառության քայլերթ` արտահայտելով հայության բողոքի ձայնը եւ պատմական արդարության վերականգնման պահանջը:
Ապրիլի 26-ին բոլոր հայկական եկեղեցիներում Սուրբ պատարագ կատարելուց հետո Սան Պաուլոյի հայության ստվար զանգվածն ուղղվել է դեպի «Հայաստան» անունը կրող հրապարակը, որտեղ տեղադրված է 1915 թ. Հայոց ցեղասպանության բյուրավոր նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձանը: Հուշարձանի մոտ տեղի են ունեցել ծաղկեպսակների զետեղման եւ հոգեւոր պետերի կողմից մատուցած հոգեհանգստի պաշտոնի արարողությունները, որից հետո ելույթով հանդես է եկել Հայաստանի գլխավոր հյուպատոսը:
Վալերի Մկրտումյանը նաեւ հարցազրույցներ է տվել Սան Պաուլոյի նահանգային խորհրդարանի հեռուստաալիքին, «Diario do Comercio» օրաթերթին եւ «Armenia Viva» հայկական կիրակնօրյա ռադիոժամին: