Աթենքում, Սալոնիկում եւ Քսանթիում Հայոց ցեղասպանության 94-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել

29 ապրիլի, 2009

ԱԹԵՆՔ

Ապրիլի 24-ին Աթենքի Նեա Զմիռնի թաղամասի հրապարակում, ուր տեղադրված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողը, տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն:
Միասնական աղոթքով հանդես եկան Հայ առաքելական եկեղեցու երկու թեմերի եւ հայ կաթողիկե եկեղեցիների առաջնորդները: Ելույթներ ունեցան Հունաստանում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը, հունահայ համայնքի, Աթենքի նահանգապետարանի ու քաղաքապետարանի ներկայացուցիչներ:
Այնուհետեւ, հուշակոթողին ծաղկեպսակներ դրվեցին ՀՀ դեսպանության, Աթենքի նահանգապետարանի, Նեա Զմիռնիի քաղաքապետարանի եւ հայ համայնքի կողմից:
Միջոցառումը կազմակերպված էր Աթենքի նահանգապետարանի, քաղաքապետարանի, հայ համայնքի եւ Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ:

Նույն օրը կայացավ բողոքի երթ, կազմակերպված ՌԱԿ Հայ իրավանց խորհրդի եւ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի կողմից, դեպի Աթենքում Թուրքիայի դեսպանություն: Վերջինը պաշտպանված էր հունական ոստիկանության լրացուցիչ ուժերով: Ցուցարարներին արգելվեց մոտենալ դեսպանությանն ու հուշագիրը փոխանցել թուրքական դեսպանության որեւէ աշխատակցի: Սակայն, անսպասելի բոլորի համար, ոստիկանության ներկայացուցիչը պատռեց հուշագիրը, ինչը հանգեցրեց ցուցարարների ընդվզումին եւ սկսվեց հրմշտոց ոստիկանների ու ցուցարարների միջեւ: Արդյունքում ոստիկանությունը կիրառեց արցունքաբեր գազ, որն արտառոց գործողություն էր ընդդեմ խաղաղ ցուցարարների: Այս փաստը լուրջ քննարկման առարկա դարձավ թե հայկական եւ թե հունական քաղաքական ու հասարակական շրջանակներում եւ լրատվամիջոցներում:

Ապրիլի 26-ին Հայոց ցեղասպանության 94-ամյակի կապակցությամբ Աթենքի նահանգապետարանի, ՌԱԿ Հայ իրավանց խորհրդի եւ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Աթենքի «Աթիկոն» դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ:
Հայկական կազմակերպությունների անունից ընթերցվեց բողոքի հայտարարություն` ապրիլի 24-ին թուրքական դեսպանության մոտ հայ ցուցարարների ու հունական ոստիկանության ընդհարման ընթացքում ոստիկանության գործողությունների ու ոչ համապատասխան պահվածքի վերաբերյալ դատապարտումով:
Միջոցառման ընթացքում Հունաստանի վարչապետի ու կառավարության անունից ելույթ ունեցավ ներքին գործերի, պետական կառավարման եւ ապակենտրոնացման նախարար` Պրոկոպիս Պավլոպուլոսը, ով իր ելույթը սկսեց ներողություն խնդրելով տեղի ունեցած միջադեպի համար եւ խոստանալով պատժել մեղավորներին: Հունաստանի խորհրդարանի անունից ելույթ ունեցավ` խորհրդարանի փոխխոսնակ Անաստասիոս Ներանձիսը:
Ուղերձով հանդես եկավ ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը: Ելույթներ ունեցան նաեւ Հունաստանի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, Աթենքի նահանգապետ Յաննիս Զգուրոսը: Օրվա բանախոսն էր պատգամավոր Պանայոտիս Բեղլիդիսը:

Նիստին մասնակցում էին Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ, քաղաքական կուսակցությունների, տեղական կառավարման մարմինների, զինվորականության ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու երկու թեմերի, հայ կաթողիկե ու բողոքական եկեղեցիների առաջնորդները, Աթենքի եւ համայն հունաց պատրիարք Իերոնիմոս արքեպիսկոպոսի ներկայացուցիչը, հայկական քաղաքական կուսակցությունների ու համայնքային կառույցների ատենապետներն ու ներկայացուցիչները, Հունաստանում սովորող հայաստանցի ուսանողներն ու զինվորական ակադեմիայի կուրսանտները:
Միջոցառման ավարտից հետո կայացավ քայլարշավ` դեպի Աթենքի կենտրոնական Սինտագմա հրապարակում գտնվող Անհայտ զինվորի շիրիմը: Այստեղ` Հունաստանի զինված ուժերի ստորբաժանումների պատվո պահակազորի եւ էվզոնների գնդի ներկայությամբ, ծաղկեպսակներ դրվեցին ՀՀ դեսպանության, Հունաստանի կառավարության, խորհրդարանի, քաղաքական կուսակցությունների եւ Հունաստանի հայ համայնքի կողմից:

Հրապարակում մեկ շաբաթ տեղադրված էր տաղավար, ուր հայ երիտասարդները բաժանում էին գրականություն եւ այլ տպագիր նյութեր հայոց ցեղասպանության ու նրա ճանաչման գործընթացի վերաբերյալ:

ՍԱԼՈՆԻԿ

Ապրիլի 23-25-ին Հայոց ցեղասպանության 94-ամյակի կապակցությամբ «Սողոմոն Թեհլերյան» երիտասարդական խմբի նախաձեռնությամբ Սալոնիկի կենտրոնական, Արիստոտելոս հրապարակում անցկացվեց գրքերի եւ նկարների ցուցադրություն:
Ապրիլի 26-ին Սալոնիկի «Վելիտեո Սինեդրիակո Կենտրո» դահլիճում տեղի ունեցավ քաղաքական ձեռնարկ:
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Հունաստանի Հանրապետության ներքին գործերի փոխնախարար Կոնստանտինոս Գյուլեքասը, որպես վարչապետի եւ կառավարության կողմից ներկայացուցիչ, Սալոնիկի նահանգապետը եւ Սալոնիկի քաղաքապետը, հայ երիտասարդության ներկայացուցիչը: Միջոցառմանը ընթերցվեց ՀՀ դեսպանի ուղերձը: Բանախոսությամբ հանդես եկավ Հունաստանի ներքին գործերի, պետական կառավարման եւ ապակենտրոնացման փոխնախարար Կոնստանտինոս Գյուլեքասը:

Նիստին մասնակցում էին տեղական կառավարման, Հայ առաքելական եւ Հույն ուղղափառ եկեղեցիների, հայկական քաղաքական կուսակցությունների ու համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառումն ավարտվեց քայլարշավով դեպի Երրորդ զորաբանակի Անհայտ զինվորի շիրիմը, ուր ծաղկեպսակներ դրվեցին ՀՀ դեսպանության, Մակեդոնիա-Թրակիայի նախարարության, Հունաստանի քաղաքական կուսակցությունների, Սալոնիակի հրեական կազմակերպության եւ Հունաստանի հայ համայնքի կողմից:

ՔՍԱՆԹԻ
Ապրիլի 24-ին Քսանթիի հայկական եկեղեցում տեղի ունեցավ պատարագ եւ հոգեհանգիստ, որից հետո Ապրիլի 24-ի զոհերի հուշարձանին ծաղկեպսակներ դրվեցին Հայաստանի դեսպանության եւ հայ համայնքի անունից:

Ապրիլի 26-ին Քսանթիի «Դիմոտիկո ամֆիթեաթրո» դահլիճում տեղի ունեցավ քաղաքական ձեռնարկ:
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Քսանթիի նահանգապետը եւ հունական եկեղեցու Թրակիո առաջնորդը: Ընթերցվեց նաեւ ՀՀ դեսպանի ուղերձը: Բանախոսությամբ հանդես եկավ հայտնի քաղաքագետ-վերլուծաբան Նիկոլաոս Լիգերոսը:

Նիստին մասնակցում էին տեղական կառավարման, Հայ առաքելական եւ Հույն ուղղափառ եկեղեցիների, հայկական քաղաքական կուսակցությունների ու համայնքի ներկայացուցիչներ:
Տպել էջը