Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեցՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնիերոյին

28 ապրիլի, 2009

Ս.թ. ապրիլի 28-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Կլաուդիո Բիզոնիերոյին:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մտադիր է ամրապնդել եւ զարգացնել ՆԱՏՕ-ի հետ փոխշահավետ համագործակցությունը Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարեւորեց Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ)` որպես արդյունավետ համագործակցության ձեւաչափ: Էդվարդ Նալբանդյանը շեշտեց նաեւ, որ Հայաստանը շարունակելու է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ խաղաղապահության, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, տարերային աղետների հետեւանքների վերացման եւ այլ ուղղություններով:

Կլաուդիո Բիզոնիերիոն, կարեւորելով Հայաստանի հետ համագործակցության զարգացումը, ասաց, որ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը բարձր է գնահատում Հայաստանի գործընկերությունը եւ 2006-2008թթ. ԱԳԳԾ իրականացման արդյունքները ու հույս հայտնեց, որ 2009-2010թթ. գործողությունների ծրագիրը նույնպես հաջողությամբ կիրականացվի: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց ՆԱՏՕ-ի ստրասբուրգյան գագաթաժողովի արդյունքները:

Տարածաշրջանային հարցերի քննարկման ենթատեքստում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը գոհունակություն հայտնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացի կապակցությամբ` ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բնականոն հարաբերությունների հաստատմանն ուղղված քայլերը:
Տպել էջը