ՀՀ արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

27 ապրիլի, 2009

Ս.թ. ապրիլի 27-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետական քարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցություններին: Պետքարտուղար Քլինթոնը ողջունեց Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների համատեղ հայտարարությունը` այն գնահատելով որպես պատմական քայլ երկու երկրների միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելու ճանապարհին: Հիլարի Քլինթոնը իր աջակցությունը հայտնեց Մինսկի խմբի շրջանակներում ընթացող ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացին` հույս հայտնելով, որ այդ գործընթացում առաջընթաց կարձանագրվի:
Տպել էջը