Հայոց ցեղասպանության 94-ամյակին նվիրված միջոցառումներ

25 ապրիլի, 2009

ՖՐԱՆՍԻԱ

Ֆրանսիայի հարյուրավոր բնակավայրերում տեղի են ունեցել ապրիլյան հիշատակի ավանդական միջոցառումներ:

Ապրիլի 24-ին, օրվա առաջին կեսին Փարիզի քաղաքապետարանում կազմակերպվել է Հայոց ցեղասպանության հիշատակի բազմամարդ ընդունելություն, որտեղ ելույթներով հանդես են եկել քաղաքապետ Բերտրան Դելանոեն, Հայաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Համլետ Գասպարյանը, նաեւ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Ալեքսի Կեովճյանը:
«Ֆրանսիայի, ինչպես նաեւ երկու տասնյակից ավելի պետությունների շիտակ կեցվածքը նպաստեց, որ Հայոց ցեղասպանության հարցով միջազգային բաց բանավեճը տեղափոխվի նաեւ Թուրքիա: Այդ շիտակ կեցվածքը նպաստեց եւ նպաստում է Թուրքիայում իր անցյալի եւ ներկայի նկատմամբ պատասխանատու քաղաքացիական հասարակության ձեւավորմանը, այդ երկրում ժողովրդավարության խորացմանը: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Թուրքիայում այն նպաստում է պայքարելու ռասիզմի, խտրականության, անհանդուրժողականության եւ մարդատյացության դեմ»,- իր ելույթում ասել է Համլետ Գասպարյանը:
«Արդար եւ ճշմարիտ գնահատական տալով անցյալին եւ անաչառորեն վերլուծելով ներկան` այսօր բոլորս եկել ենք նույն եզրակացության. հայ եւ թուրք ժողովուրդների նոր սերունդների համար ժամանակը եւ պայմանները հասունացել են, որպեսզի նրանք թոթափեն անցյալի ծանր բեռը, հաշտության ձեռք մեկնեն միմյանց եւ ապրեն համերաշխ: Այդ են պահանջում թե ներկա, թե ապագա սերունդների շահերը, դրանով է պայմանավորված մեր շրջանի կայունությունը եւ անվտանգությունը»,- նշել է Գասպարյանը:

Հետկեսօրեին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Փարիզի Հաղթական կամարի տակ, որին ներկա են եղել Ֆրանսիայի քաղաքացիական ծառայության նախարար Անդրե Սանտինին Andre Santini), Փարիզի փոխքաղաքապետ Կատրին Վիյո-Շարիեն (Catherine Vieu-Charier), Փարիզի թաղապետներ, շրջակա քաղաքների քաղաքապետներ, ֆրանսիացի պետական եւ քաղաքական գործիչներ, բարձրաստիճան զինվորականներ, ֆրանսահայ համայնքի հոգեւոր եւ աշխարհիկ ղեկավարներ, այլ համայնքների ներկայացուցիչներ,_հարյուրավոր ֆրանսահայեր: Ծաղկեպսակներ են զետեղվել Անհայտ զինվորի շիրիմին, բորբոքվել է հավերժական կրակը, ստորագրություններ են դրվել Հիշատակի Ոսկե մատյանում: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի եւ Ֆրանսիայի օրհներգերը, խոնարhվել են մարտական դրոշները:

Նույն օրը հիշատակի պատարագ է մատուցվել Փարիզի Հայ Առաքելական Հովհաննես-Մկրտիչ Մայր տաճարում: Երեւանյան պարտեզի մուտքին գտնվող Կոմիտասի հուշարձանի մոտ տեղի է ունեցել բազմամարդ հավաք 1915թ. զոհերի հիշատակին, Հայոց ցեղասպանության եւ նեգացիոնիզմի դատապարտումի խոսքերով ելույթներ են ունեցել ֆրանսիացի քաղաքական եւ հասարակական գործիչներ, մտավորականներ:

Փարիզում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումները սկսվել էին նախորդ օրը` Հանրապետության հրապարակում, որտեղ ֆրանսահայ երիտասարդական կազմակերպություններն անցկացրել են հսկման երեկո:

Հիշատակի ապրիլյան միջոցառումներ են տեղի ունեցել նաեւ Լիոնում, Մարսելում, Գրենոբլում, Մոնպելիեում, Կաննում եւ բազմաթիվ այլ քաղաքներում:

Ապրիլի 25-ին Լիոնի շրջակա Շաս-սյուր-Ռոն քաղաքում, Ռոն-Ալպի շրջանային եւ Լիոնի ու շրջակա քաղաքների տեղական իշխանությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել Հիշատակի խաչքարի բացում:

Փարիզյան միջոցառումները շարունակվելու են նաեւ հաջորդ օրերին. ապրիլի 26-ի կիրակի օրը հիշատակի պատարագ է նախատեսված Փարիզի Աստվածամոր տաճարում:

ԱՐԳԵՆՏԻՆԱ

Ապրիլի 24-ին Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Հայաստանյան առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի գլխավորությամբ մատուցված սուրբ պատարագով սկսվել է Արգենտինայի մայրաքաղաքում Մեծ Եղեռնի 94-րդ տարելիցին նվիրված միջոցառումը:
Պատարագի ավարտին ծաղկեպսակներ են զետեղվել եկեղեցու բակում գտնվող Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:

Այնուհետեւ, Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը շարունակվել է Արմենիա փողոցում: Միջոցառմանը մասնակցող մոտ հազար արգենտինահայերի եւ հրավիրվածների առաջ ելույթ են ունեցել Բուենոս Այրեսի կառավարության կրթության նախարար Մ. Նորոդովսկին, Մարդու իրավունքների մշտական ասամբլեայի նախագահ Ալդո Էչեգոյենը:
Հիմնական ելույթով հանդես է եկել Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, ով անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներին:

Նույն օրը համայնքային կառույցների երիտասարդական թեւերի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել ջահերով քայլերթ դեպի Թուրքիայի դեսպանի նստավայր:

Երեկոյան Բուենոս Այրեսի հայտնի մշակութային կենտրոն Մալբայում կայացել է «Ճչացողներ» ֆիլմի պրեմիերան, որին մասնակցել է նաեւ ֆիլմի ռեժիսոր Կառլա Կարապետյանը:

Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հիմնական միջոցառմանը նախորդել է «Բուենոս Այրեսի ազգային քոլեջում» ապրիլի 23-ին Խտրականության, քսենոֆոբիայի եւ ռասիզմի դեմ պայքարի Ազգային իֆստիտուտի ( INADI) եւ Արգենտինայի Հայ Դատի գրասենյակի համատեղ կազմակերպած միջոցառումը` նվիրված Արգենտինայի կառավարության կողմից ապրիլի 24-ը որպես «Հանդուրժողականության եւ ժողովուրդների միջեւ հարգանքի օր» հռչակման տարելիցին: Ձեռնարկին մասնակցել են նաեւ Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Ս.թ. ապրիլի 22-ին տեղի է ունեցել հանրակրթական դպրոցների մարդու իրավունքներին եւ ցեղասպանություններին նվիրված ծրագրի շրջանակում միջին դասարանի աշակերտների պատրաստած «Կյանք, սարսափ եւ հիշատակ» խորագրով նկարների ցուցահանդես:

Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են կայացել նաեւ Մար դել Պլատայում, Րոսարիոյում, Կորդոբայում, Բերիսոյում, հայ համայնքներ ունեցող այլ բնակավայրերում:

Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներ են անցկացվել նաեւ Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում ու Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում:


ՌՈՒՄԻՆԻԱ

Ապրիլի 24-ին Բուխարեստի հայոց եկեղեցում կատարվել է Հայոց Եղեռնի զոհերի ոգեկոչման արարողություն: Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը ելույթներ են ունեցել Ռումինիայում Հայաստանի դեսպան Եղիշե Սարգսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ Տիրայր Արքեպիսկոպոս Մարտիկյանը:
Արարողությանը հետեւել է Բուխարեստում գտնվող Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված երկու խաչքար-հուշարձաններին ծաղկեդնումը: Ծաղկեպսակներ են դրվել Ռումինիայում Հայաստանի դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի, Ռումինիայի հայոց միության կողմից:

Ոգեկոչման եւ զոհերի հիշատակի միջոցառումներ են տեղի ունեցել նաեւ Ռումինիայի այլ հայաշատ քաղաքներում:

Նախօրեին` Ռումինիայի Խորհրդարանի երկու պալատների նիստերում Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցի առիթով հայտարարություններով հանդես են եկել Սենատում տնտեսության, արդյունաբերության եւ ծառայությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Ռումինիայի հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը (Varujan Vosganian), Պատգամավորների պալատում ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբի ղեկավար, Ռումինիայի հայոց միության փոխնախագահ, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը (Varujan Pambuccian):

ԲԵԼԳԻԱ

Բրյուսել

Ապրիլի 24-ին Բրյուսելում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ:

Բրյուսելի Սբ. Մարիամ-Մադլեն հայ առաքելական եկեղեցում անցկացվել է հոգեհանգստի պատարագ, որին ներկա են եղել Բելգիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, ՆԱՏՕ-ում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմը, Բելգիայի հայերի կոմիտեի եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Պատարագից հետո հանրությունը շարժվել է դեպի Բրյուսելի Իքսել թաղամասի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանը, որտեղ տեղի է ունեցել նահատակների ոգեկոչման եւ ծաղկեդրման արարողություն:

20-րդ դարասկզբի մեծ ոճիրի մասին ելույթ է ունեցել Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ պրն. Միշել Մահմուրյանը: Խաչքարի մոտ իրենց հարգանքի տուրքն են եկել մատուցելու Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերը, Հայ-բելգիական խորհրդարանական խմբի անդամ, սենատոր Ժորժ Դալմանյը, սենատոր Ալեն Դեստեքսը, «Էկոլո» կուսակցության փոխնախագահ Իզաբել Դյուրանը, Իքսել թաղամասի մշակութային հարցերի պատասխանատու փոխքաղաքապետ Իվ դը Յոնգ դ`Արդոյը, Բրյուսելում թութսիների «Իբուկա» միության եւ հրեական համայնքի նախագահները, այլ պաշտոնատար անձինք, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ծաղկեդրման արարողությունից հետո հայ համայնքի ներկայացուցիչներն ուղեւորվել են Բրյուսելում Թուրքիայի դեսպանություն` իրենց բողոքն արտահայտելու Հայոց ցեղասպանության փաստի հանդեպ թուրքական իշխանությունների ժխտողական կեցվածքի կապակցությամբ:

Նույն օրը երեկոյան Հայ տանը տեղի է ունեցել ոգեկոչման երեկո:

Անվերս

Ապրիլի 24-ի առավոտյան Ֆլանդրիայի Անվերս քաղաքում
Սբ. Ուիլլիբրորդուսկերկ տաճարի բակում տեղադրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքարի մոտ տեղի է ունեցել ծաղկեդրման արարողություն: Արարողությանը մասնակցում էր Ֆլանդրիայում Հայաստանի պատվո հյուպատոս Հայկ Արսլանյանը:

Հայոց ցեղասպանության տարելիցի հիշատակման կապակցությամբ ապրիլի 23-30-ը Վալոնիայի մի շարք քաղաքների մշակութային կենտրոններում ներկայացվում է բելգիահայ բեմադրիչ, դերասանուհի Կարոլին Սաֆարյանի «Հայաստանյան փաստաթղթեր» ներկայացումը: Դրաման վեր է հանում հայ եւ թուրք ժողովուրդների ներկա սերունդների հարաբերությունների վրա Մեծ Եղեռնի արտացոլումը:

ՎՐԱՍՏԱՆ

Ապրիլի 24-ին Թբիլիսիում տեղի են ունեցել Մեծ Եղեռնի տարելիցին նվիրված միջոցառումներ, որոնք կազմակերպել էին Վրաստանում Հայաստանի դեսպանությունը, Հայաստանյաց Սուրբ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմը եւ Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան Հայկական պետական դրամատիկական թատրոնը:
Առավոտյան Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցում Հայաստանյաց Սուրբ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ մատուցվել է սգո պատարագ, որին ներկա են եղել Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը, բազմաթիվ վիրահայեր եւ Հայաստանից ժամանած հյուրեր:
Օրվա երկրորդ կեսին Հայկական պետական դրամատիկական թատրոնի ճեմասրահում բացվել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված լուսանկարչական ցուցահանդես, որտեղ ցուցադրված նմուշները եւ փաստաթղթերի լուսապատճենները մեկ անգամ եւս աներկբայորեն վկայում են 20-րդ դարի առաջին ցեղասպանության` Հայոց Մեծ Եղեռնի մասին:
Այնուհետեւ, թատրոնի դահլիճում տեղի ունեցած հիշատակման երեկոյի հարյուրավոր մասնակիցների առջեւ բացման խոսքով ելույթ է ունեցել Վրաստանում Հայաստանի դեսպանը:
Հիշատակման երեկոն եզրափակվել է գրական-գեղարվեստական միջոցառմամբ` Թբիլիսիի արվեստի հայ վարպետների եւ շնորհալի պատանիների մասնակցությամբ:

ՀԱԼԵՊ

Ապրիլի 24-ին Մեծ Եղեռնի 94-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Հալեպի հայկական ազգային գերեզմանատանը Հայոց Բերիո Թեմի առաջնորդ գերաշնորհ Շահան Սարգիսեանի մատուցմամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագ:

Նույն օրը «Եսայան» սրահում տեղի է ունեցել անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման երեկո: Միջոցառմանը Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության կողմից ելույթ է ունեցել երրորդ քարտուղար Գեւորգ Ղարիբջանյանը:

Ապրիլի 25-ին Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության կազմակերպմամբ Հալեպի հայկական ազգային գերեզմանատանը տեղի է ունեցել Մեծ Եղեռնի զոհերի հուշակոթողին պսակադրության պաշտոնական արարողություն: Արարողությանը մասնակցել են Հալեպում հավատարմագրված պետությունների հյուպատոսներ, հայ եւ Սիրիայի քրիստոնյա համայնքների առաջնորդները, նաեւ հալեպահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Տպել էջը