Երեւանում կայացավ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը

16 ապրիլի, 2009

Ս.թ. ապրիլի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ Երեւանում կայացավ ՀԱՊԿ-ի Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:

Նիստի օրակարգում ներառված էին միջազգային անվտանգության արդի խնդիրները, կազմակերպության անդամ-երկրների միջեւ արտաքին քաղաքականության համադրմանը, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների հետ ՀԱՊԿ փոխգործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր:

Նախարարները քննարկեցին եւ հավանություն տվեցին ՀԱՊԿ-ի եւ ՄԱԿ-ի քարտուղարությունների միջեւ համագործակցության մասին հուշագրի նախագծին:
Իր ելույթում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց ՀԱՊԿ անդամ պետությունների միջեւ համագործակցության ներուժի առավել արդյունավետ օգտագործման կարեւորությունը:

Նիստի մասնակիցներն արդյունավետ քննարկում ծավալեցին ՀԱՊԿ գործունեության տարբեր ոլորտներում բազմաբովանդակ փոխգործակցության շուրջ, անդրադարձան Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման գործընթացին:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Աֆղանստանում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերի գործադրման հետ կապված հարցեր:

Նիստից հետո տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի համատեղ մամլո ասուլիսը:

Ասուլիսի ձայնագրությունը ունկնդրելու համար սեղմեք այստեղ: MP3 format

Տպել էջը