Երեւանում կայացավ ՍԾՏՀ անդամ երկրներիարտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպումը

16 ապրիլի, 2009

Ս.թ. ապրիլի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ Երեւանում տեղի ունեցավ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 20-րդ հանդիպումը: Նիստին մասնակցում էին պատվիրակություններ կազմակերպության անդամ 12 երկրներից, 9 դիտորդ եւ ներկայացուցիչներ գործընկեր երկրներից, ՍԾՏՀ կառուցվածքային կազմակերպություններից եւ միջազգային կազմակերպություններից:

Հանդիպման օրակարգում էին Սեւծովյան տարածաշրջանի երկրների միջեւ տնտեսական համագործակցության խորացման, կազմակերպության արդյունավետության բարձրացման, երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում անդամ-պետությունների համագործակցության ամրապնդման եւ ընդլայնման, ՍԾՏՀ-ԵՄ համագործակցության խթանման, ինչպես նաեւ ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքների նվազեցման նպատակով համատեղ գործողությունների ձեռնարկման հետ կապված հարցերի լայն շրջանակ:

Բացելով արտգործնախարարների խորհրդի նիստը` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ամփոփեց ՍԾՏՀ-ում Հայաստանի վեցամսյա նախագահության ընթացքում իրականացված գործունեության արդյունքները: Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ այս հանդիպումը ավելի լայն հնարավորություն կընձեռի անդամ-պետությունների միջեւ համագործակցության խթանմանը, տնտեսության բնագավառում տարածաշրջանային եւ միջազգային բազմակողմ համագործակցության ամրապնդմանը, ՍԾՏՀ գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված գործնական քայլերի ձեռնարկման համար:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ ՍԾՏՀ-ում հայկական նախագահության ընթացքում անց են կացվել առավել քան 50 միջոցառումներ` նախարարական հանդիպումներ, համաժողովներ, սեմինարներ եւ աշխատանքային խմբերի նիստեր:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանի նախագահությունը բարձր է գնահատում տրանսպորտի, էներգետիկայի, գիտության եւ տեխնոլոգիաների, ներառյալ` բարձր տեխնոլոգիաների, մանր եւ միջին ձեռներեցության, առողջապահության, զբոսաշրջության, կրթության, մշակույթի ոլորտներում ակտիվ փոխգործակցության միջոցով արձանագրված արդյունքները:

Նախարար Նալբանդյանը նշեց նաեւ, որ Հայաստանի նախագահության առաջնայնությունների թվին էր դասվում նաեւ ՍՏԾՀ եւ միջազգային կազմակերպությունների միջեւ համագործակցության ամրապնդումը:

ՍԾՏՀ անդամ երկրները ներկայացնող պավիրակությունների ղեկավարներն ու ՍԾՏՀ գլխավոր քարտուղարը իրենց ելույթներում բարձր գնահատեցին Հայաստանի գործունեությունը` որպես կազմակերպության նախագահող` նշելով, որ այդ շրջանում ՍԾՏՀ գործունեությունը ակտիվ էր եւ արդյունավետ:

Նախարարական նիստի արդյունքում որոշում ընդունվեց Իրանին եւ Հորդանանին ՍԾՏՀ կազմակերպության գործընկեր երկրի կարգավիճակ շնորհելու մասին:

Նախարարների խորհրդի նիստի ավարտին կայացավ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Մահմուդ Մամադ-Գուլիեւին ՍԾՏՀ նախագահության հանձնման հանդիսավոր արարողությունը, որին հաջորդեց Հայաստանի ԱԳ նախարարի, Ադրբեջանի փոխարտգործնախարարի եւ ՍԾՏՀ գլխավոր քարտուղարի համատեղ մամուլի ասուլիսը:

Ասուլիսի ձայնագրությունը ունկնդրելու համար սեղմեք այստեղ: MP3 format

Տպել էջը